Լրահոս
Օրվա լրահոսը

Լողում մասսայականությունն աստիճանաբար աճում է, արդյունքները՝ նույնպես

Դեկտեմբեր 02,2016 13:00

Լողի հայկական դաշնության համար ընթացիկ մրցաշրջանը բավականին հագեցած է անցնում: Տարվա ընթացքում գրեթե ամեն ամիս անցկացվում են տարբեր տարիքային խմբերի մի ամբողջ շարք ներհանրապետական մրցումներ, որոնցում աչքի ընկած լավագույն մարզիկները որոշակի հաջողություններ են արձանագրել նաեւ միջազգային լողուղյակներում՝ բարելավելով ինչպես անձնական, այնպես էլ Հայաստանի բարձրագույն ցուցանիշները: Դա առաջին հերթին հնարավոր է դարձել մարզաձեւի մասսայականացման ուղղությամբ կատարվող կազմակերպական ճիշտ աշխատանքների շնորհիվ. որքան շատ մարզվող, այնքան՝ արդյունքների աճ: Ու որ նույնպես շատ կարեւոր է, ակումբները, որտեղ գործում են լողի խմբեր, սկսել են աշխատել միասնական ծրագրով:

Օրերս անցկացվեց ավանդական «Ուրախ դելֆին» մրցումը պատանիների միջեւ, որն արդեն քանի տարի միջազգային մրցաշարի կարգավիճակ ունի: Այստեղ հայկական ակումբների եւ այլ երկրների իրենց հասակակիցների միջեւ պայքարը նպաստում է պատանիների մրցափորձի կուտակմանը, արդյունքների աճին:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մտադիր է երեք լողորդ գործուղել դեկտեմբերի սկզբներին Կանադայում կայանալիք աշխարհի առաջնություն: «Ես որպես պաշտոնատար անձ, հրավեր ունեմ, սակայն գերադասում եմ, որպեսզի իմ փոխարեն լողորդների հետ մեկնեն հավաքականի գլխավոր ու անձնական մարզիչները: Դա ավելի օգուտ կբերի հայկական լողին: Նպատակ ունենք՝ հնարավորություն գտնել մեկ կամ երկու լողորդի համար, որպեսզի Սանկտ Պետերբուրգում մասնակցեն Վլադիմիր Սալնիկովի գավաթի խաղարկությանը: Իսկ տարին կեզրափակենք դեկտեմբերի երրորդ տասնօրյակում՝ Հայաստանի գավաթի առաջնությունով», – ասաց դաշնության նախագահը:

Հովսեփ Մեսրոպյանն իր գլխավոր անելիքը տեսնում է ակումբներն ու լողի խմբակները միավորելու եւ հանրապետությունում լողը զարգացնելու գաղափարի շուրջ համախմբելու մեջ: «Բնական է, որ մասնավոր ակումբները մարդկանց լողուղյակներ տրամադրելով եւ վճարովի այլ ծառայություններ մատուցելով՝ շահույթ են հետապնդում: Ես ուզում եմ հասնել այն բանին, որպեսզի այդ ակումբները կարիք եղած դեպքում որպես բարի կամքի դրսեւորում անվճար հիմունքներով կամ զեղչերով մարզումների կամ մրցումների համար շաբաթվա մեջ որոշակի ժամեր տրամադրեն մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականներին: Ու, կարծես, սկսել է ստացվել: Ակումբներ կան, որ իրենց լողավազանն արդեն տրամադրում են այս կամ այն մրցմանը՝ Լողի հայկական դաշնության հետ միասին դառնալով համակազմակերպիչ», – ասում է պարոն Մեսրոպյանը: Նա նաեւ աշխատանքներ է տանում լողը հանրապետության մարզեր տարածելու եւ արմատավորելու ուղղությամբ:

Անձամբ պարբերաբար մեկնում է մարզեր, տեղերում ուսումնասիրում թերի աշխատող կամ կիսաքանդ լողավազանները, դրանք վերակառուցելու եւ ազգաբնակչությանը տրամադրելու միջոցներ եւ ուղիներ որոնում: «Ես մեր դաշնության անդամներին եւ մասնագետներին հրահանգել եմ եկող տարվա հունվարից մեկնել հանրապետության տարածաշրջաններ՝ ծանոթանալու տեղերում տիրող իրավիճակին, լողավազանների եւ խմբերի հաշվառում կատարելու, որպեսզի պատկերացում ունենանք, թե որտեղ ինչ ունենք եւ ինչ կարելի է անել», – եզրափակեց Հովսեփ Մեսրոպյանը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

01.12..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031