Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինոերաժշտությունը զերծ չի մնացել նորաձեւությունից»

Դեկտեմբեր 02,2016 12:30

Ըստ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի, կինոերաժշտությունն
ավելի փոփոխական է ժամանակի մեջ եւ իր համար ավելի բնական

«Երբեմն կոմպոզիտորների՝ վառ անհատականություն լինելը նյարդայնացնում է նույնիսկ տաղանդավոր կինոռեժիսորներին: Չէ՞ որ երաժշտությունը իր մոգական ուժով կարող է հանդիսատեսի ուշադրությունը շեղել ֆիլմի դրամատուրգիայից: Իսկ կոմպոզիտորի վարպետությունն էլ այն է, որ կարողանա ստեղծել երաժշտական այնպիսի զարգացում, որը հանդիսատեսին «չխանգարի» հետեւել էկրանին կատարվող իրադարձություններին, չշեղի նրա ուշադրությունը, միեւնույն ժամանակ, չկորցնելով գեղարվեստական արժեքը, կարճ ասած՝ ֆիլմը դիտելուց հետո երաժշտությունը մնա հանդիսատեսի հիշողության մեջ»,- «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ այս կարծիքը հայտնեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանը: Նա լայն լսարանին հայտնի է իր բազմաթիվ հիթերով: Կինոոլորտում արվեստագետի անունը որպես կինոերաժշտության հեղինակի, սկսվեց ավելի շատ հոլովվել կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» խաղարկային ֆիլմից հետո: Մեզ հետ զրույցներում երաժշտարվեստի որոշ գործիչներ փաստում են, որ կոմպոզիտորի համար իսկապես բարդ է եղել հորինել այն «եղանակը», ինչը համահունչ է ֆիլմում պատերազմի եւ սիրո միջեւ տարվող զուգահեռներին, որոնց արդյունքում սկիզբ է առնում ապրեցնող սերը: Որոշ երաժիշտներ էլ տպավորված են Արմեն Մարտիրոսյանի մեկ այլ՝ դեռեւս 1990-ականների կեսերին էկրան բարձրացած Վիգեն Չալդրանյանի «Տեր ողորմյա» ֆիլմի երաժշտությամբ:

Իսկ ընդհանրապես, վերջին շրջանում մեր կինոռեժիսորները կինոթատրոններում ցուցադրվող իրենց աշխատանքներում ավելի շատ երաժշտական ձեւավորում են իրականացնում, քան հրավիրում կոմպոզիտորի: Պատճառն էլ այն է, որ ֆիլմի համար հատուկ երաժշտություն ստեղծելու ընթացքը լուրջ բյուջե է ենթադրում, ինչը հնարավոր չէ փոքր բյուջեով ֆիլմերի պարագայում:

Անդրադառնալով կինոռեժիսոր- կոմպոզիտոր համագործակցությանը եւ կինոոլորտից կոմպոզիտորների դուրս մնալուն, Արմեն Մարտիրոսյանը նախ նշեց, թե՝ ի վերջո կինոարվեստում «գլխավոր հրամանատարը» ռեժիսորն է, եւ տեղեկացրեց, որ իր եւ Մհեր Մկրտչյանի համագործակցությունը սկիզբ է առել 2014թ. ռուսակայն շուկայի համար ստեղծած 4 ֆիլմերից:

armen

Արմեն Մարտիրոսյանն ու Մհեր Մկրտչյանը «Կյանք ու կռիվ» ֆիլմի ամերիկյան շնորհանդեսի ժամանակ:

«Իմ եւ Մհերի համագործակցությունը, սեպտեմբերին հայաստանյան եւ նոյեմբերի սկզբներին Լոս Անջելեսում կայացած պրեմիերաներից հետո, հանգիստ կարող եմ ասել, որ արդյունավետ էր եւ, անխոս, այն կունենա շարունակություն»,-հավաստիացրեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում հայ կոմպոզիտորների՝ ֆիլմարտադրության «համատեքստից» դուրս մնալուն, կոմպոզիտորն ասաց. «Ընդունված ձեւ է, երբ կինոռեժիսորի հետ համագործակցում է երաժշտական խմբագիրը: Դա սովորաբար փոքր բյուջեով ֆիլմերի դեպքում է: Այստեղ կինոռեժիսորը զերծ է մնում կոմպոզիտորի ամբիցիաների հետ առնչվելուց…»: Ռեպլիկին՝ ասում են փոքր չեն եղել նաեւ ձեր հավակնությունները, Արմեն Մարտիրոսյանը, առանց մանրամասնելու, պատասխանեց. «Այո, մենք հաճախ վիճել ենք, բղավել, նույնիսկ բանը հասել է ձեռնամարտի…»: Կոմպոզիտորի հավաստմամբ՝ մերօրյա կինոերաժշտությունը, ցավոք, նույնպես զերծ չի մնացել նորաձեւությունից. «Այս ասպարեզում կա համաշխարհային, համամարդկային ճաշակ, որը ձեւավորվել է ոչ այսօր, ինչը անկանխատեսելի գործընթաց է: Հենց այդ պատճառով էլ կոմպոզիտորի համար գերմարդկային խնդիր է դառնում այդ կլիշեները ջարդելը: Երբ մի փոքր քայլ անես աջ կամ ձախ, ստեղծագործական խումբը պատրաստ է քեզ հոշոտել, որովհետեւ իրենց թվում է, թե փչացրիր այս կամ այն կադրը: Ես ինձ համար գտա մի մոտիվացիա՝ կլիշեի մեջ մի բան եմ դնում, որը ժամանակի ընթացքում ինքն իր փայլը կարձակի: Օրինակ, երաժշտական մի կտոր լսելուց հետո Մհերը ցանկություն հայտնեց, թե ուզում է «երաժշտությունը վերեւ բարձրանա»:

Սա ինձ համար կարող էր նշանակել կտավի այդ մասում օգտագործել վերեւի ռեգիստրը սրնգի կամ ջութակների օգնությամբ: Բայց, դարձյալ որոշակի տուրուդմփոցից հետո, պարզվեց մի հասարակ բան. կինոռեժիսորն ընդամենը ցանկություն էր հայտնում լարվածություն ստեղծելու… »:
Հետաքրքրությանը՝ իսկ նոր հիթերով կվերադառնա՞ շոու-բիզնես, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Կինոերաժշտություն գրելը ժամանակատար է, ինչը բոլորովին այլ ստեղծագործական մոտեցումներ ու ռեսուրսներ է պահանջում: Երբ կինոերաժշտություն ես արարում, հաճախ գործ ես ունենում լայն կտավների հետ, մասնավորապես՝ այսօրվա կինոյում տարածում են գտել լարային գործիքները, հարվածայինները՝ մանավանդ ռազմական տեսարաններում, եւ ի տարբերություն երգարվեստի, որտեղ կրկնողությունները, ռիթմիկ դարձվածքները վաղուց դարձել են անփոխարինելի տարրեր, կինոերաժշտությունն ավելի փոփոխական է ժամանակի մեջ եւ հենց դրանով էլ՝ ինձ համար ավելի բնական: Սա է պատճառը, որ ես լծվել եմ այս գործին: Ասեմ նաեւ, որ «Կյանք ու կռիվը» 2017թ. կունենա շարունակություն»:

 

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

01.12..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031