Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դալիի խենթությունից մինչեւ նրա արվեստային հայրը՝ Պիկասոն

Դեկտեմբեր 02,2016 13:30

Թանգարանային էսքիզներ Իսպանիայից

Աշխարհի ամենահարուստ 15 թանգարանների թվում է իսպանացի նկարիչ, քանդակագործ, սյուրռեալիզմի ամենավառ ներկայացուցիչ Սալվադոր Դալիի Ֆիգերասում (Իսպանիա) գտնվող թատրոն-թանգարանը: Էպատաժային արվեստագետը մի առիթով ասել է, որ շատ կուզենար իր թանգարանը լիներ լաբիրինթոսի նման սյուրռեալիստական հսկայական շինություն։ Այցելուներն էլ հեռանան այնպիսի տպավորությամբ՝ ասես թատերական երազ են տեսել: Ու հենց այդպիսին է Սալվադոր Դալիի թանգարանն այսօր: Ֆիգերասում գտնվում է նրա գործերի ամենախոշոր հավաքածուն: Թանգարանը տեղակայված է հին թատրոնի շենքում, որը վերանվանվել է Տոռե Գալատեյա՝ ի հիշատակ Դալիի վաղամեռիկ կնոջ՝ Գալայի:

dali10 dali9

Դալիի մարմինն իր իսկ ցանկությամբ հանգչում է թանգարանի գլխավոր ցուցասրահի՝ հատակի տակ, որպեսզի վարպետը մշտապես «շփման» մեջ լինի մարդկանց հետ: Թատրոն-թանգարանը դալիական անսպառ երեւակայության կնիքն է կրում, ուր կարելի է հանդիպել ամենաանհավանականին:

dali6 dali3

Կառույցի գրավիչ մասերից մեկը թափանցիկ, ցանցային գմբեթն է, որը հիրավի դարձել է Ֆիգերասի խորհրդանիշը։ Դալիի թատրոն-թանգարանը, որի ճարտարապետն է Էմիլիո Պերես Պիներոն, ուշադրություն է գրավում նաեւ կարմիր պատերի երկայնքով տեղակայված հսկա սպիտակ ձվերի շարանով: Ներս մտնելուն պես հանդիպում ես սեւ Կադիլակի, վերեւում Գալային պատկանող նավակն է, որը զարդարված է ներկված պահպանակներով: Իսկ ընդհանրապես, ողջ ներքին բակի «հարդարանքը» Դիոնիսոսյան տոնակատարության «տրամադրության» մեջ է: Սրահներից մեկում ծովին նայող մերկ Գալան է՝ Աբրահամ Լինքոլնի հսկայական դիմանկարի հետ: «Քամու պալատ» սրահի առաստաղին նշմարվում են Դալիի ու Գալայի մարմինները: Այս թանգարանի, այսպես կոչված, պատրանքների սենյակում է գտնվում իր ժամանակի ամենասկանդալային կինոաստղերից մեկի՝ Մեյ Ուեսթի դեմքով ու շուրթերի «կերպարով» բազմոցը: Դալիի բացառիկ թատրոն-թանգարանը տեսնել է պետք:

dali_2

Սալվադոր Դալին արվեստում իր հայրն է համարել մեկ այլ հանճարի՝ իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պիկասոյին, որի հետ ծանոթացել է 1926-ին՝ Փարիզում ու կրել է նրա ազդեցությունը:

picasso1 picaso4 picaso3 picaso2

6-10

Պիկասոյի թանգարանն էլ գտնվում է Բարսելոնայում, որտեղ զբոսաշրջիկների հոսքը երբեք չի դադարում: Պիկասոյի թանգարանը տարեկան 1 300 000 այցելու է ընդունում:
Այն հիմնադրվել է 1963-ին եւ տեղակայված է 15-րդ դարում կառուցված հնագույն Բերենգեր դ՛ Ագիլարա դղյակում: Վարպետի՝ տարբեր տարիների արված 3800 աշխատանքները պահվում եւ ցուցադրվում են հենց այս թանգարանում: Բարսելոնայի թանգարանում կարելի է տեսնել նաեւ նրա ավելի ուշ շրջանի՝ «Մենիններ» շարքի գործերը (Las Meninas, 1957)՝ արված Վելասկեսի համանուն ստեղծագործության մոտիվներով:
Հավելենք, որ Պիկասոյի բարսելոնյան թանգարանը ստեղծվել է նրա անձնական քարտուղար Խայմե Սաբարտեսի հավաքածուի (2450 աշխատանք) հիմքի վրա: Պիկասոյի տիկնոջ մահից հետո թանգարանին են հանձնվել նաեւ այլ գործեր:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆիգերաս- Բարսելոնա-Երեւան
Լուսանկարները՝ հեղինակի

 

«Առավոտ»

01.12..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031