Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

Դեկտեմբեր 02,2016 10:30
Armen Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ վաթսունմեկերորդ

ԸՆՏՐՅԱԼՆԵՐԸ

Հիմա որ կրկին անդրադառնում եմ օրթախականներիս ամենօրյա իրիկնային հավաքներին, էդ չի նշանակում թե՝ երկար եմ շարունակելու, ու էս անդրադարձիս պատճառը, ինչպես արդեն  բացատրել եմ, ճարտարապետ Կորյունի՝ օրթախականներիս շրջապատում հայտնվելու միանգամայն ուրախալի փաստն է, եւ, դրանից էլ բացի, էս անդրադարձիս շնորհիվ դուք արդեն գիտեք, որ օրթախականներս արդեն ոչ թե «Տրիումֆում» ենք Աստծո ամեն իրիկուն հավաքվում, այլ՝ «Երիտասարդական» մետրոյի հետեւի «Մարինո» ճաշարանում, որն իրիկունները սրճարանի է վերածվում՝ հիմնականում օրթախականներիս շնորհիվ, եւ չնայած շաբաթվա մեջ լավագույն դեպքում մեկ կամ երկու անգամ եմ էդ հավաքներին ներկայանում, ինձ էլ եմ լիարժեք օրթախական համարում՝ ոչ միայն էն պատճառով, որ օրթախականների իրիկնային  հավաքներին մասնակցության առնվազն քսան տարվա ստաժ ունեմ, այլեւ էն պատճառով, որ էս «օրթախական» անվանումն անձամբ իմ բստրածն է, եւ, եթե հիշողությունս չի դավաճանում, էս «օրթախական» անվանումը նախ էս վեպիս մեջ հայտնվեց, այնուհետեւ նոր միայն սկսեց օգտագործվել ու շրջանառվել օրթախականներիս կողմից, եւ, էս ամենից էլ բացի, ես ինձ իրավունք եմ վերապահում ձեր խոնարհ ծառային միանգամայն լիարժեք օրթախական համարել, որովհետեւ ես, որպես կանոն, Օրթախ Ալբերտի կողմից մշտապես հրավիրվում եմ իր կողմից կազմակերպվող էն բացառիկ միջոցառումներին, որոնց ոչ բոլոր  օրթախականներն են հրավիրված լինում. խոսքը ամենօրյա իրիկնային սրճարանային պարտադիր ծրագրից դուրս Ալբերտի կազմակերպած էն միջոցառումների մասին է, որոնց միայն օրթախականներից ընտրյալներս ենք մասնակցում, եւ էդ մի քանիսին իրավամբ եմ ընտրյալ համարում, որոնք ընտրված լինելով Օրթախի կողմից՝ իր կազմակերպած արտահերթ ու արտակարգ միջոցառումներին են նաեւ ներկա գտնվում, եւ ինքս ինձ էլ եմ  բնականաբար ընտրյալ համարում, որովհետեւ Օրթախն իր նախաձեռնած ու կազմակերպած բոլոր արտակարգ ու արտահերթ միջոցառումներին ինձ հրավիրում ու մասնակից է դարձնում, եւ չնայած չգիտեմ թե՝ որ արժանիքներիս համար, փաստը մնում է փաստ, որ իր նախաձեռնած ու կազմակերպած անխտիր բոլոր խաշերին ու արտասրճարանային միջոցառումներին ու նախաձեռնություններին մասնակից ու սեղանակից եմ՝ ի տարբերություն որոշների, որոնք չնայած Աստծո ամեն իրիկուն պարտաճանաչորեն ներկայանում են օրթախականների սրճարանային հավաքներին, այդուհանդերձ, իր՝ Ալբերտի կողմից երբեւէ չեն հրավիրվում արտասրճարանային էդ, ուրեմն, արտահերթ ու արտակարգ միջոցառումներին, եւ չհրավիրվածները սովորաբար չեն նեղանում Օրթախից՝ մի քանի  պատճառներով, եւ չնեղանալու պատճառներից  մեկն այն է, որ չհրավիրվածները սովորաբար չեն իմանում, որ հրավիրվածներս  առանց իրենց խաշ կամ առավել երեւելի բաներ ենք անուշ արել, եւ էդ ամենի մասին չհրավիրվածները սովորաբար չեն իմանում, որովհետեւ հրավիրվածներս սովորաբար ու բնականաբար իրենց՝ չհրավիրվածներին չենք տեղեկացնում, որ առանց իրենց խաշ կամ առավել հետաքրքիր ու երեւելի ուտեստներ ենք անուշ արել, եւ եթե հրավիրվածներս չհրավիրվածներին էդ մասին տեղեկացնենք, մեր կողմից պարզապես անշնորհքություն կլինի, որովհետեւ չհրավիրվածները  չհրավիրված լինելու համար եթե նեղանան, Օրթախից են նեղանալու, այլ ոչ թե՝ մյուսներիցս, եւ եթե չհրավիրվածներն իրենց չհրավիրված լինելու մասին որեւէ մեկից տեղեկանում էլ են, ներքուստ Օրթախից նեղանալով հանդերձ՝ իրենց նեղանալն Օրթախի մոտ ցույց չեն տալիս, քանզի  եթե ցույց տան, ավելի ծիծաղելի ու անհարմար դրության մեջ կհայտնվեն:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031