Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է երաշխիքը, որ վետերոկում եւ սաունայում գտնվող պատգամավորի փոխարեն չեն քվեարկի

Դեկտեմբեր 01,2016 23:44

Օրերս առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունեց «ԱԺ կանոնակարգ օրենքի» նոր նախագիծը: Այն նախատեսում է, որ պատգամավորի փոխարեն կարող է քվեարկել խմբակցության ղեկավարը՝ լիազորագրով:

Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք չեք փորձում մյուս խորհրդարանում ձեր հնարավոր ռիսկերը օրինականացնել, որովհետեւ հնարավոր է այսպիսի ներկայացվածություն չունենաք ու ամեն բացակայող պատգամավորն արդեն խնդիր լինի օրենք անցկացնելիս: Նա պատասխանեց. «Միջազգային փորձը ուսումնասիրելով՝ անձամբ եղել եմ տարբեր խորհրդարաններում, ընդհուպ՝ ԱՄՆ Կոնգրեսում, քվեարկության գործընթացը տարբեր խորհրդարաններում տարբեր ձեւով է իրականացվում: Շատ հաճախ եվրոպական խորհրդարանում նույնպես քվեարկությունն իրականացվում է խմբակցության ղեկավարի կողմից միանձնյա՝ մեկ քվեարկությամբ: Կոնգրեսում քվեարկություն հայտարարելու պահից սկսած՝ 24 ժամ քվեարկության գործընթացը չի փակվում, կարող են 24 ժամվա ընթացքում գալ, քվեարկել, գնալ, կարող են էլեկտրոնային քվեարկել:

Տարբեր երկրներում տարբեր ձեւով է իրականացվում քվեարկության գործընթացը: Մեր երկրում նման առաջարկություն է եղել՝ փակ ծրարով հանձնել քարտուղարություն կամ փոխանցել խմբակցության ղեկավարին: Եթե պատգամավորի բացակայությունը հարգելի է, նա կարող է մասնակցել քվեարկությանը՝ իր կարծիքը հայտնելով: Կարծում եմ, որ դա ճիշտ է, որովհետեւ անկախ իր կամքից հարգելի բացակայող պատգամավորը չպիտի զրկվի քվեարկության իրավունքից»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վետերոկում կարող է լինել, սաունայում լինել եւ նրա փոխարեն քվեարկեն, որտե՞ղ է երաշխիքը, որ նրա բացակայությունը հարգելի է՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Բերեք ամեն տեսակի օդում հնչած պատահական հայտարարությունները հիմք չընդունենք: Մենք ընդամենը խոսում ենք հարգելի բացակայություն ունեցող պատգամավորի մասին: Ենթադրությունով, թե ով, որտեղ կարող է լինել, կարծում եմ, նման խոսակցությունն անհարմար է»:

Մեր դիտարկմանը, որ տեսնում ենք հաճախ, թե ինչպես են պատգամավորները մեկը մյուսի փոխարեն քվեարկում, դուք այդ ձայների խնդիրը ունեք՝ նա արձագանքեց. «Մենք չունենք ձայների խնդիր, ընդամենը փորձում ենք հարգելի բացակայություն ունեցող պատգամավորին հնարավորություն տալ իր կարծիքը հայտնելու իր քվեարկությամբ: Մտահոգվելու կարիք չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031