Դեկտեմբերի 1-ին կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով անդրանիկ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Խոսելով ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` ՌԴ կատարած այցի մասին, նա անդրադարձավ նաեւ ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորում ստեղծելուն:
ՀՀԿ խոսնակի ձեւակերպմամբ. «Մտահոգվելու խնդիր չկա, եւ դա բխում է մեր պետության անվտանգության շահերից: Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է ռուսական ռազմաբազան, այն անվտանգության երաշխիքներից մեկն է, որը պաշտպանելու է Հայաստանը արտաքին ագրեսիայից…Երկու դաշնակից պետությունների ռազմական ուժերը պետք է համագործակցեն: Ընդ որում, այդ խմբավորումը ղեկավարելու է հայազգի սպա, ի տարբերություն ՆԱՏՕ-ի խմբավորման մեջ մտնող երկրների, որտեղ ամերիկացի սպաներն են ղեկավարում միասնական խմբավորումները»:
Ինչ վերաբերում է հարեւան Վրաստանի հետ այդ համատեքստում հարաբերությունները լարելու պնդումներին, Շարմազանովը դա հեքիաթ որակեց, անբարեխղճություն եւ անգրագիտություն:
«Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, որ վերաբերում էր համացանցում տարածված այն լուրին, թե հայկական կողմից վիրավոր կա, ՀՀԿ խոսնակն ընդամենն ասաց, որ սահմանային լարվածության խնդիրները ՀՀԿ ԳՄ նիստում չեն քննարկվել:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ