Դեկտեմբերի 1-ին կայացավ ՀՀԿ գործադիր մարմնի նոր կազմով անդրանիկ նիստը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նիստը ուշագրավ համարեց` հավելելով, որ գործադիր մարմնի բոլոր անդամները ներկայացրել են իրենց կարծիքները համագումարի, կուսակցության ռազմավարության ու մարտավարության վերաբերյալ: Նրա ձեւակերպմամբ, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական օրակարգի թիվ մեկ դերակատարը մնում է ՀՀԿ-ն:
«Մեր ընդդիմադիր գործընկերների հետհամագումարյան գնահատականները ցույց տվեցին, որ այլընտրանքային ծրագրային օրակարգ ընդդիմության կողմից հրապարակ գցված չէ, ՀՀԿ-ն մնում է այն ուժը, որը Հայաստանում ձեւավորում է քաղաքական օրակարգը»:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաեւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին ՀՀԿ 16-րդ համագումարում եւ 7 ուղերձներին: Վերջիններս Շարմազանովը որակեց մեսիջներ` ուղղված հանրության երիտասարդ հատվածին:
Ինչ վերաբերում է ՀՀԿ առաջին տեղակալ եւ կուսակցության ղեկավար կազմի հարցը գործադիր մարմնի նիստում քննարկվելուն, Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ կուսակցության կանոնադրության համաձայն՝ խորհրդի կազմը եւ փոխնախագահներն ընտրվում են խորհրդի նիստի ժամանակ, որը կկայանա դեկտեմբերի 20-25-ն ընկած հատվածում:
Կարդացեք նաև
Ըստ նրա, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի ամենահավանական թեկնածուն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն է, իսկ համամասնական ցուցակի եւ այլնի վերաբերյալ հարցերը կքննարկվեն 2017-ին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ