Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը «Լրադադար» ակումբի շրջանակներում դեկտեմբերի 1-ին կազմակերպել էր քննարկում՝ «Կնոջ ինչպիսի կերպարներ է ստեղծում հայաստանյան մեդիան» թեմայով:
Հետազոտող Նվարդ Մանասյանը նշեց, որ մամուլում խնդիրներ են առկա լրատվության մատուցման տեսանկյունից. «Ուրիշների խոսքով, մեջբերումներով լրագրողները վերարտադրում են հասարակության մեջ շատ հաճախ շրջանառվող կարծրատիպերը: Դրանք էլ կնոջ որոշակի վարքագիծ ունենալու շուրջ են, մայրության շուրջ են եւ բացառիկ կանանց, որոնք տղամարդկային վարքագիծ ունեն, այսպես ասած «տղամարդ կին» են կոչվում»:
Նա հավելեց, որ լուրերում կնոջ մասին քիչ են խոսում, եւ որպես օրինակ բերեց «Պրոմեդիա-գենդեր» հասարակական կազմակերպության կատարած հետազոտությունը, որը փաստում է, որ կախված ժամանակից՝ կանանց մասին հոդվածները շատանում են. «Ավանդական միամսյակի ժամանակ կամ երբ որ բռնություն է տեղի ունեցել, երբ իհարկե՛, բռնության զոհը կինն է: Քանի որ կարծրատիպացած է, որ կինը հանրային դերերում չկա, եւ քանի որ հանրային օրինակներում այդ դերերը չկան, լրագրության մեջ էլ այս ստատուս քվոն պահպանվում է»:
Կարդացեք նաև
Նվարդ Մանասյանը համարում է, որ եթե լրատվական դաշտը կանոնակարգված լինի, մեծ դեր կարող է ունենալ եւ շատ խնդիրներ կարող են լուծվել. «Եթե լրագրողներն էլ իրազեկված լինեն գենդերային առանձնահատկություններից, որ աշխարհն անսեռ չէ, մարդիկ սեռեր ունեն եւ այդ սեռերով պայմանավորված որոշակի վարքագծեր ունեն, եւ այդ վարքագծերը կարգավորվող են: Դրանց շուրջ, եթե սպասումները փոխվում են, վարքագծերն էլ կարող են փոխվել: Եվ եթե լրագրողը դա իմանա, կարող է նույն լրատվությանը այլ տեսանկյունից նայել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ