Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղի վարչական տարածքում գտնվող Նոր Վարագավանքը նշանավոր հոգեւոր կոթող է, այն 1193-1198 թվականներին հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը, հետագայում՝1234-1237թթ. նրա թոռը՝ Վասակ Բ-ն վանական համալիրն ընդարձակել է: Մոնղոլների կողմից Վարագավանքն ավերելուց հետո Վարագավանքի հոգեւոր առաջնորդ Ղուկասը 1213թ. այստեղ է տեղափոխել Վարագավանքի հոգեւոր մասունքները, այդ թվում՝ Սուրբ Խաչափայտի կտորը, որը բերել էին Հռիփսիմյան կույսերը:
Ամեն տարի սեպտեմբերի վերջին Նոր Վարգավանքում Վարագա Սուրբ Խաչի տոնն է, Սուրբ Էջմիածնից այստեղ է տեղափոխվում Քրիստոսի Խաչափայտի մասունքը՝ հավատացյալների երկրպագության համար, մատուցվում է տոնական պատարագ: Այնտեղ, երբեմն, հոգևոր արարողություններ՝ կնունքներ, պսակադրություններ են կատարվում, շատ հավատացյալներ, զբոսաշրջիկներ են գալիս Բերդի տարածաշրջանից, Հայաստանի տարբեր վայրերից,արտասահմանյան երկրներից: Վանական համալիր տանող ճանապարհը ասֆալտապատ է, ինչր դյուրացնում է Նոր Վարագավանք մարդկանց հոսքը: Վանական համալիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ընկերության հաշվեկշռում:
2012թ. ապրիլի 26-ին Տավուշի մարզ այցելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը եղել է Նոր Վարագավանքում, քննարկել դրա վերանորոգման հարցը: 2012թ. սկսվեց վանական համալիրի նորոգումը: Այն կատարվեց «Իդեալ համակարգի» սեփականատեր Նորայր Խաչատրյանի եւ Ռաֆիկ Մանուչարյանի միջոցներով: Վարագավանից ստացված տեղեկություններով՝ Ն. Խաչատրյանը մորական կողմից Վարագավան գյուղի թոռ է: Որոշ տվյալներով՝ նշված բարերարները այդ գործի համար նվիրաբերել են շուրջ 1 միլիոն ԱՄՆ դոլար: Վերանորոգման ընթացքում Բերդի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ դժգոհություն էին արտահայտել կատարված աշխատանքների որակի վերաբերյալ: 2014թ. աշնանը նորոգման աշխատանքները դադարեցվել են,վերանորոգվել է վանական համալիրի շուրջ 70 տոկոսը:
Վարագավան համայնքի 27-ամյա ղեկավար Արմեն Աբրահամյանը հայտնեց, որ համայնքապետ ընտրվելու օրից՝ 2015թ. հունիսի 7-ից հետո ինքը վանական համալիրում վերանորոգման աշխատանքներ չի տեսել: Վանական համալիրի մնացած հատվածը ե՞րբ, ո՞ւմ միջոցներով կնորոգվի: Մեր հարցին գյուղապետը պատասխանեց, որ այս տարվա սեպտեմբերին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնի ժամանակ ինքն այդ հարցով դիմել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին, թեմի առաջնորդն ասել է, որ այդ խնդրով իրենք կդիմեն վանական համալիրի մեծ մասի նորոգումը ֆինանսավորած բարեգործներին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
2015թ. հունվարի 20-ի նույն բովանդակությամբ ձեր հոդվածին մի պարբերություն եք ավելացրել)))
Ընտիիր..Ճ