Երեկ՝ նոյեմբերի 30-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնակատար Արսեն Վարդանյանի կողմից ստեղծված քննչական խմբի անդամ, ավագ քննիչ Արտյոմ Շոխոյանի որոշմամբ ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, 45-ամյա Նորայր Ղազարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նախկինում մի քանի անգամ դատված է եղել և քրեական աշխարհում հայտնի է «Յոնջլախցի Նորո» մականվամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 2-ին ժամը 21:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Թթու Ջուր գյուղի բնակիչ, 29-ամյա Վահե Գևորգյանին մի խումբ անձանց հետ սպանելու մեջ: Նշված քրեական գործի շրջանակում կալանավորվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի 19 տան բնակիչ Արտակ Հայրապետյանը, ով նույնպես կասկածվում է Վ. Գևորգյանի սպանությանը մասնակցություն ունենալու մեջ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ «Յոնջլախցի Նորոյին» սպանության հաջորդ օրը Մալաթիայի ոստիկանները տեղափոխել են ոստիկանություն, սակայն հետո ազատ են արձակել, մինչդեռ եղել են փաստեր, որ նա ոչ միայն մասնակից է եղել սպանությանը, այլև հրահրել է: Զարմանալին այն է նաև, որ ոստիկանները բավարարվելով Ա. Հայրապետյանի կցկտուր խոստովանական ցուցմունքներին՝ «Յոնջլախցուն» ազատ էին արձակել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «shamshyan.com»-ի կայքում: