Դեկտեմբերի 1-ին Կրթության ազգային ինստիտուտի դահլիճում մեկնարկեց «Հետաքրքիր ընթերցող» խորագրով կրթամշակութային նոր նախագիծ: Առաջին հանդիպումը նվիրված էր Լեւոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» գրքի քննարկմանը: Այս փուլում ընդգրկվել էին Երևանի տարբեր դպրոցների աշակերտներ: Հանդիպման հյուրերն էին գրականագետ Դավիթ Գասպարյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը և Լևոն Խեչոյանի որդին՝ Վանիկ Խեչոյանը:
«Հաճախ դպրոցներում գրականության դասը վերածում ենք լեզվի դասի, իսկ գրականությունը շրջանցում ենք: Այնինչ՝ պետք է գրականություն կարդալ սովորել: Ես միշտ իմ գրքերում նշումներ եմ անում, և շատ դժվար է դրանք ուրիշին տալ. մի տեսակ անձնական են այդ գրքերը դառնում»,-նշեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նույն խորհուրդը տվեց աշակերտներին:
Իհարկե հնարավոր չէ բոլոր ժամանակակից գրողների գործերը ներառել դպրոցական ծրագրում: Այս հանդիպմանն էլ գրքի ընտրությունը սուբյեկտիվ է: Բանաստեղծ Հակոբ Մովսեսը պարզաբանում է. «Խեչոյանը ժամանակակից հայ արձակի ամենանշանակալից դեմքն է: Այս գործում նա ներկայացնում է գաղափարական խնդիրներ, որոնք պիտի հուզեն մեր աշակերտներին: Իհարկե, դժվար է «ստիպել կարդալ» Խեչոյան, եթե անընդհատ մատուցում են էժան և հեշտ մարսվող գրականություն, հեռուստատեսությունը պարզունակ սերիալներ է հեռարձակում, և պետությունն էլ դա «խրախուսում է»: Վրաստանում վերջերս մեծ տպաքանակով Բուլգակով հրատարակեցին, և այնտեղ աշակերտը գիտի, որ շատ կարդալով կարող է բարձունքների հասնել, մեզ մոտ նա մոտիվացիա չունի»:
Կարդացեք նաև
Խեչոյանը չի վախենում խնդիրները ընթերցողին ներկայացնելուց: Նա այս գործով անցյալը կապում է ներկային, որի հույսը նոր սերունդն է: «Սերնդափոխությունը շատ կարևոր է բոլոր ոլորտներում: Գրողը ապրում է այն ժամանակ, երբ նրա մահից հիսուն-հարյուր տարի հետո էլ հիշում են նրան և կարդում: Եվ շատ կարևոր է, որ գրողը ազնիվ լինի իր ընթերցողի հետ: Որովհետև նա երկրորդ անգամ ոչինչ չի կարդա այդ գրողից, եթե ազնվությունը չի զգացել»,-նշեց Լևոն Խեչոյանի որդին` Վանիկ Խեչոյանը:
Այս նախաձեռնությունը շարունակական է լինելու: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում աշակերտներին ներկայացնելու են ժամանակակից հայ գրականության որևէ ստեղծագործություն, և արդեն աշակերտներից ևս ակնկալվելու է ակտիվ մասնակցություն և մասնակցություն քննարկումներին:
Մարիամ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Լուսանկարները՝ Հասմիկ Սիրունյանի