Արցախցի հրամանատար, նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «լկտի սուտ» որակեց իր հայտարարության վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի հիմնավորումները: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից քիչ առաջ տեղեկացրին, որ քննիչը որոշել է մերժել Բադասյանի հայտարարության հիման վրա քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով:
«Ոչ ես, ոչ հասարակությունն ավելին չէինք էլ սպասում»,- քննիչի որոշմանն այսպես արձագանքեց պարոն Բադասյանը:
Հիշեցնենք նաեւ, որ «Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և Պաշտպանության նախարարության միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ» Վահան Բադասյանի այս հայտարարության հիմքով նյութեր էին նախապատրաստվել:
Վահան Բադասյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ իրականությանը չեն համապատասխանում քննիչի հիմնավորումները, թե ՀՀ պաշպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով նախատեսված որակի ալյուրի արտադրության նպատակով ընկերությունների կողմից ձեռք բերված ցորենի մեկ կիլոգրամի գինը մրցույթի ժամանակահատվածում կազմել է 115-130 ՀՀ դրամ: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016թ. մայիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԼՂՀ-ում առաջին տեսակի ալյուրի արտադրության միջին հանրապետական գինը կազմել է 195,3 ՀՀ դրամ,:
Կարդացեք նաև
«Թող վիրավորանք չհնչի, լկտի սուտ է դա, որովհետեւ ես չեմ բողոքել` ինչու են երկու ձեռնարկություններ մրցույթում շահել, մյուս երկուսը չեն շահել, իմ բարձրացրած հարցը սա էր, որ ՊՆ եղած գումարներով կարող էին ավելի շատ ցորեն ու ալյուր գնել կամ տնտեսումներ անել, եթե ճիշտ ու արդար աշխատեին, կարող էին 120-150 միլիոն դրամ տնտեսել: Իմ ոչ մի մատնանշած հետքերով չեն գնացել, ընդամենը Արցախի վիճակագրական բաժնից վերցրել են տեղեկանք` ցորենի շուկայական արժեքն ինչքան է, ու նրանք էլ լկտիաբար սուտ տեղեկություն են տվել: Ցորենի մեկ կիլոգրամի արժեքը եղել է 127-129 դրամ, իսկ ալյուրի գինը, մանավանդ առաջին տեսակի ալյուրը, որը դժվար է վաճառվում, ես վաճառում եմ 150 դրամ, բայց եթե ինձնից գնեն, պատրաստ եմ 130 դրամով տալ, 120 դրամով էլ կտամ: Ով է ասել, որ ալյուրի շուկայական գինը՝ 223,3-226,7 դրամով է վաճառվում, թող գան ցույց տամ»:
Պարոն Բադասյանի խոսքով, քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշման արդյունքում բանակից կշարունակեն գողանալ. «Բանակից գողացել են ու գողանում են գումարները, իրավունք ունեմ ենթադրելու, որ տարեկան բանակից գողանում են 35-40 միլիոն… Այսքան աղմուկից հետո Մովսես Հակոբյանն ավելի ոգեւորված ու քաջալերված կսկսի ավելի վատ ձեւով թալանել բանակը»:
Պարոն Բադասյանն ասաց, որ քննիչի որոշումը ստանալուն պես կմտածի` բողոքարկի այն, թե` ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ