Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Տիգրան Օհանջանյանի մոր` Գոհար Սարգսյանի համար ծիծաղելի են ոստիկանության ներկայացուցչի հիմնավորումները, թե 2015 թվականի փետրվարի 11-ին որդեկորույս մի քանի մայրերի խաղաղ հավաքը կարող էր «սպառնալ Նախագահական նստավայրի աշխատողների աշխատանքին, իսկ նրանց ձեռքերի պաստառները նույնպես խանգարող հանգամանք են եղել»։
Տիկին Սարգսյանը հիշեցրեց, որ պաստառների վրա պատկերված են եղել զոհված զինծառայողները։
Հիշեցնենք, որ Գոհար Սարգսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության հայց է ներկայացրել դատարան, գործը քննվում է Վարչական դատարանում:
«Նույնիսկ դատավորը դատի ժամանակ քմծիծաղ տվեց, թե էս ինչ է ասում, նույնիսկ պաստառներից կարող էր խաթարվել նախագահական նստավայրի աշխատանքային անդորրը: Ոստիկանության ներկայացուցիչ Վարոսյանը չկարողացավ հիմնավորել իր ասածները»,- պատմեց Գոհար Սարգսյանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ իրենց խաղաղ հավաքի օրը ոստիկանները հրահանգ ստացան ու կատարեցին այդ հրահանգը. «Այդ ժամանակահատվածում խոսում էի մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբի ղեկավարի հետ, որ կանգնած ենք նախագահական նստավայրի մայթին ոչ դարպասն էինք փակում, ոչ էլ խաթարում էինք աշխատանքային անդորրը: Դատարանն էլ ուսումնասիրեց` արդյոք մեր կանգնած տեղից հնարավոր էր խանգարել նախագահական նստավայրի աշխատակիցների աշխատանքը… ոստիկաններն այդ օրն ակնհայտորեն ստացան մեզ այդտեղից հեռացնելու հատուկ հրահանգ ու դրա համար չպատժվեցին, ինչից հետո շարունակվեց մայիսի 13-ին նույն գործողությունները, նորից հարձակվեցին, ծնողներին քաշքշեցին»:
Տիկին Սարգսյանից հետաքրքրվեցինք, ինչ է կարծում, եթե ոստիկաններն իր պնդմամբ գործել են հատուկ հրահանգով ու չեն պատժվել, իրեն կհաջողվի դատական կարգով ոստիկաններին պատասխանատվության դաշտ բերել, տիկին Սարգսյանը պատասխանեց. «10 տարիների ընթացքում ինչու պետք է հայտնվեի փողոցում արդարություն պահանջելու, փաստորեն, փողոցից եմ արդարություն պահանջում իմ երեխու սպանության գործով, եթե դատարանները կարողանային կամ ցանկանային վճիռ կայացնել, որ մեղավորին պատժեին, այս տասը տարիների ընթացքում փողոցում չէինք հայտնվի: Սպասելիքներ չունեմ, որ դատարանները կարող է ոստիկանության գործողությունները համարեն ոչ համաչափ, բայց մտածում եմ` չէ որ իրենք Սահմանադրություն են փոխում, մեր գերագույն գլխավոր հրամանատարն էլ բացատրեց, որ մենք չունենք արդարադատություն, դրա համար ենք փոխում Սահմանադրությունը, որ արդարադատություն ունենանք: Այս մասով հույսս չեմ կորցնում: Ես պայքարելու եմ, հասնելու եմ նրան, որ իմ երեխու սպանության գործը բացահայտվի, ու մեղավորը պետք է պատժվի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ