«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը շնորհակալական նամակ է ուղարկել ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանին՝ ընտանեկան բռնության գործով՝ ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով, քննիչի կողմից իրականացրած պատասխանատու և արհեստավարժ աշխատանքի կապակցությամբ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել` ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ամուսինը ծեծել է կնոջը, ինչի մասին կինն ահազանգել էր ոստիկանություն։ Տղամարդը հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություն տալու տեղի ունեցածի վերաբերյալ, որտեղ տեղեկացել է կնոջ կողմից ներկայացված հաղորդման մասին և ոստիկանությունից դուրս գալուց հետո՝ Վանաձորի կենտրոնական հրապարակի մոտ, կրկին բռնություն գործադրել կնոջ նկատմամբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (2 դրվագ), և քրեական գործն ուղարկվել դատարան։
Կարդացեք նաև
Հասարակական կազմակերպության կողմից ուղարկված նամակում մասնավորապես ասվում է.
«Սույնով հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը` թիվ 19107416 քրեական գործով Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հրաչ Պողոսյանի կողմից պատասխանատու և արհեստավարժ աշխատանք իրականացնելու համար։
Նշված քրեական գործով քննիչ Հ.Պողոսյանը ոչ միայն լիարժեք կերպով իրականացրել է գործի օբյեկտիվ և անկողմնակալ քննությունը, այլև, գիտակցելով ընտանեկան բռնության ենթարկված անձի՝ նշված քրեական գործով տուժողի և նրա խնամքին գտնվող անչափահաս երեխայի նկատմամբ կրկնակի բռնության վտանգը, անվերապահորեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու տուժողին, մասնավորապես անվտանգության նկատառումներից ելնելով, վերջինիս հարցաքննությունը կազմակերպել՝ ապահովելով անհրաժեշտ բոլոր անվտանգության կանոնները»:
ՀՀ Քննչական կոմիտե