Վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 1-ին կառավարության նիստի ընթացքում դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների բողոքների վրա: Կարեն Կարապետյանը առաջարկել է նաեւ հանդիպել նրանց հետ:
Այս խնդրանքի մասին Aravot.am –ը զրուցեց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս ասաց, որ նման հանդիպումը ավելորդ է համարում. «Վարչապետը, եթե իրոք անհանգստացած է այդ խնդրով, կարող է պահանջել, որ իրեն ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որ Քննչական կոմիտեն եւ դատախազությունը ամբողջովին կոռումպացված մարմիններ են եւ որ հանցավոր ճանապարհով կոծկել եւ շարունակում են կոծկել զինվորական սպանության գործերը: Եվ դրա հիման վրա վարչապետը կարող է համապատասխան քայլեր կատարել, ընդհուպ մինչեւ կոռումպացված համակարգի ղեկավարներին եւ ակտիվ անդամներին քրեական պատասխանատվության ենթարկել: Իսկ ծնողների հետ հանդիպելը ինքնանպատակ մի շոու է, որը որեւէ արդյունք չի տա: Պետք է ընդամենը օրինականություն հաստատել»:
Ռուբեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ հանդիպումը խնդիրներին լուծում չի տա: Նա ընդգծեց, որ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների բողոքող ծնողների թիվը շատ ավելին է, նրանք, ովքեր ցույցեր են կատարում կառավարության շենքի եւ նախագահականի դիմաց: Խնդիրն այն է, որ նրանք բնակվում են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում եւ հնարավորություն չունեն մասնակցել բողոքի ցույցերին. «Եթե ինքը ցանկանում է, որ ինչ-որ առաջընթաց լինի, կարող է ստեղծել աշխատանքային խումբ, այդ ծնողների եւ նրանց պաշտպանների մասնակցությամբ: Նրանք կներկայացնեն կոնկրետ փաստեր այդ սպանությունների եւ դրանց նախաքննության ժամանակ կատարված հանցագործությունների մասին: Դա օբյեկտիվ քայլ կլինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ