Զարմանալ կարելի է, որ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց ի վեր, հանրության շրջանում և սոց. կայքերում ամենաքննարկվող հարցերի հարցն էր դարձել, արդյոք Կարեն Կարապետյանը կստանա՞ կուսակցական տոմս և կդառնա՞ հանրապետական: Ասեմ միայն հետևյալը. իսկ ի՞նչ կփոխվի դրանից: Իհարկե, ոչինչ:
Այդ ընթացքում նաև միամիտ խոսակցություններ էին շրջանառվում, իբր Պուտինն է Կարեն Կարապետյանին նշանակել վարչապետի պաշտոնում: Իրականում, հնարավոր է, որ Պուտինը միջնորդած լինի կամ առիթի դեպքում, դրական արտահայտված լինի նման նշանակման կապակցությամբ և ոչինչ ավելին:
Բերեք մեկընդմիշտ հասկանանք, որ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել Սերժ Սարգսյանը և այլ հարց է, թե դա իր միանձնյա որոշումն է, թե՞ այդ նշանակման հարցում որոշակի դեր են խաղացել ինչ-ինչ միջնորդություններ կամ խորհուրդներ: Կարծում եմ, որ դա էլ նշանակություն չունի, քանզի հայ իրականության մեջ, առավել ևս Հայաստանում, պաշտոնների նշանակումը կատարվում է հենց այդ կերպ:
Այստեղ էականն այն է, որ հասարակական, քաղաքական, լրատվական միտքը արդեն ամիսներ շարունակ վերլուծում և քննարկում էին այս հարցը, մոռանալով մի պարզ բան. ինչպես էլ նշանակված լինի Կարեն Կարապետյանը, ունենա հանրապետականի տոմս, թե ոչ, միևնույն է նա անկախ չէ և ուղղակիորեն կախված և ենթակա է նախագահին ու Հանրապետական կուսակցությանը: Բա ոնց, Կարեն Կարապետյանը պետք է նշանակվեր վարչապետ և ասեր, քանի որ ես հանրապետական չեմ, ինչ ուզեմ ու ոնց ուզեմ, կանե՞մ: Դա հնարավոր կլիներ այն դեպքում, երբ նա նշանակվեր կայսր, միապետ կամ թագավոր:
Կարդացեք նաև
Ուրիշ հարց է, որ ամենուրեք քննարկվեր, թե նա ինչ մտադրություններով է եկել և իրականում ինչ թույլ կտան նրան: Այս պահի դրությամբ հստակ է, որ նա բարձրաձայնում է դրական գաղափարների մասին և չհավատալու հիմքեր չունենք, չնայած չափազանց ոչ օպտիմալ ու դանդաղ են կյանքի հետ քայլում նրա մատնանշած բարեփոխումները, որոնք էլ մեր սպասումները դարձնում են ավելի փխրուն:
Ավելի քան ակնհայտ է, որ ցանկացած վարչապետի կողմից գլխավորած կառավարության ծրագիրը և բյուջեի նախագիծը պետք է հավանություն ստանան ԱԺ-ում մեծամասնություն կազմող իշխող ուժի կողմից և եթե դրանք նախապես չկազմվեն իշխող ուժի հետ փոխհամաձայնեցված, ապա ԱԺ-ում միանգամից կտապալվեն դրանք և այդ կառավարության կյանքը կավարտվի: Այնպես, որ Կարեն Կարապետյանի կուսակցական լինելը կամ չլինելը ոչինչ չի փոխում և երկու դեպքում էլ նա պետք է առաջնորդվի նախագահի և հանրապետականի ցուցումներով, որը ոչ այլ ինչ է, քան դե ֆակտո կուսակցական գործչի պահվածք: Այնպես, որ այս ամիսների աժիոտաժը, թե Կարեն Կարապետյանը կդառնա հանրապետական, թե ոչ, իրականում ոչ մի նշանակություն չունի:
Այլ խոսքով, ամիսներ շարունակ լսարանի ուշադրությունը գրաված այս թեման լրիվ անիմաստ և արժեք չներկայացնող թեմա է, քանզի նման հարցում կարևորը դե ֆակտոն է, այլ ոչ թե, դե յուրեն: Իհարկե, կուսակցական չլինելն ինչ-որ իմաստով անկախության արգասիք է, սակայն այս պարագայում բնավ այդպես չէ, քանի որ խոսքը գնում է մի երկրի վարչապետի մասին, որտեղ իշխող հանրապետական կուսակցությունն ԱԺ-ում ունի բացարձակ մեծամասնություն և երկրի նախագահը, ով նշանակում է վարչապետին, այդ կուսակցության նախագահն է:
Փաստացի, մինչև նոյեմբերի 24-ը Կարեն Կարապետյանը դիմում չէր ներկայացրել և չուներ հանրապետական կուսակցության անդամատոմս, իսկ այսօր արդեն ունի: Որևէ մեկը կարող է ասել, թե վերջինի պարագայում ինչ է փոխվելու…
Սրան շատ նման է նաև ապրիլյան պատերազմից հետո անընդհատ շարունակվող այն հարցը, թե Ադրբեջանը էլի կհարձակվի, թե ոչ: Իհարկե, կհարձակվի…: Այնպես, որ շատ ավելի կարևոր է մեր պատրաստ լինելն այդ հարձակմանը, իսկ, թե կհարձակվեն, թե ոչ, դա արդեն քիչ կարևոր է, քանզի դա արդեն չի կարող սենսացիա համարվել…
Կյանքը փոխելու համար, շատ ավելի կարևոր են բովանդակային խնդիրների, հարցերի քննարկումը, քան այն խնդիրների ու հարցերի, որոնք որևէ տիպի հետևանք չեն թողնում կյանքի որակի վրա: Մեծ ճոխություն կլինի Հայաստանի այսպիսի պայմաններում զբաղվել ոչինչ չասող խոսակցություններով, այն էլ այն դեպքում, երբ բոլոր գործերի մեջ մենք արդեն անհուսալիորեն ուշանում ենք…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ