Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը՝ բնապահպանների՝ չեղարկել հանքի շահագործման թույլտվությունը պահանջին, ասաց. «Նախարարին կից խորհրդում քննարկվել է այս խնդիրը, նախարարից պահանջել են ուժը կորցրած ճանաչել փորձաքննության եզրակացությունը: Դրա համար օրենքը պահանջում է հիմքեր, եւ ես խնդրել եմ՝ տվեք հիմքերը, քանի դեռ չկան հիմքերը, որեւէ նման քննարկելը նշանակում է՝ վտանգել ցանկացած ծրագիր»:
Ըստ պարոն Մինասյանի, այս ծրագրի վերաբերյալ ցանկացած նախաձեռնություն, ցանկացած քննադատություն, որ լինում է, ինքը խնդրում է, որպեսզի դրանց զուգահեռ ներկայացվեն նաեւ այլընտրանքային ծրագրեր՝ բնապահպանության բոլոր խնդիրները նկատի առնելով:
Նախարարի խոսքերով՝«Ես գտնում եմ, որ ցանկացած բնապահպանական հետևանք պետք է ապահովագրված լինի: Այդպիսի համակարգ Ամուլսարի պարագայում մենք ունենք: Այսինքն ՝ մեզ ասվել է, որ կա: Հիմա ես խնդրել եմ իրենց, որպեսզի ապահովագրման ամբողջական համակարգը մանրամասն հրապարակվի, այդ թվում՝ նաեւ հասարակական կազմակերպությունների ու լրագրողների մասնակցությամբ»:
Պարոն Մինասյանն ասաց, որ հանքավայրը շահագործողները պետք է ցանկացած ռիսկ ու հետեւանք ապահովագրեն. «Ապահովագրվելու է 3-րդ անձանց պատճառված ցանկացած վնասը: 3-րդ անձ կարող են լինել քաղաքացիները, իրավաբանական անձինք, համայնքը, պետությունը: Ջերմուկը՝ որպես համայնք ապահովագրվում է, Ջերմուկի բնակիչները՝ որպես քաղաքացիներ, նրանց պատճառված վնասը ապահովագրվում է»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ