Հայաստանի խորհրդարանի ամենահարուստ 10 պատգամավորներից 9-ը ընտրված են մեծամասնական ընտրակարգով: 16 դոլարային միլիոնատեր պատգամավորներից 12-ը կրկին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներն են:
Մեծամասնական ընտրակարգով ընտրված ամենաակտիվ պատգամավորներն են Էդմոն Մարուքյանը, Կորյուն Նահապետյանը և Սամվել Ֆարմանյանը:
«Մեդիա կենտրոնում» «ԱԺ մոնիտորինգի» դիտարկման արդյունքները. մեծամասնական կարգով ընտրված պատգամավորների գործունեության ամփոփում» թեմայով հրավիրված քննարկմանը ներկայացվեցին «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները: 5-րդ գումարման ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների գործունեության մասին արդյունքներն առանձնապես հուսադրող չեն:
ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այս առիթով ասաց. «41 մեծամասնական պատգամավորներից 30-ը ՀՀԿ-ական են, 8-ը ԲՀԿ-ից, 3-ը անկուսակցական: Մեծամասնականով ընտրված պատգամավորների մոտ երկու երրորդն ընդհանրապես ամբիոնին ու խոսափողին չի մոտեցել: Օրենսդրական նախաձեռնության մասով պատկերն ավելի տխուր է: Մեծամասնականով ընտրված 41 պատգամավորներից ընդամենը 37 տոկոսն է հանդես եկել օրենսդրական նախաձեռնությամբ, 63 տոկոսի անունը որևէ օրինագծի տակ չի եղել»: Լուսինե Վասիլյանը մտահոգություն հայտնեց, որ 41 պատգամավորների միայն կեսն է ցանկացել համագործակցել իրենց հետ`մյուսները մերժել են առաջարկը:
Կարդացեք նաև
Ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանն էլ բարձրացրեց այն խնդիրը, որ մեծամասնական համակարգը լավ չի ապահովում նաև ներկայացուցչական գործառույթը: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ նոր Ընտրական օրենսգիրքը ևս չի լուծելու գոյություն ունեցող խնդիրները. «Մանդատների բաշխման ժամանակ առաջնահերթությունը տրվելու է ցուցակներում ընդգրկված պատգամավորներին: Նշված պատգամավորների զգալի մասը, որոնց աշխատանքի արդյունավետությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում այժմ, ռեյտինգային ընտրության միջոցով կհայտնվեն խորհրդարանում: Սա նշանակում է, որ խորհրդարանում մեծ տարբերություն որակական մասով հնարավորություն չենք ունենա տեսնելու»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համար ընդունելի չէ մեծամասնական և համամասնական հակադրությունը: Անդրադառնալով այն պատգամավորների գործունեությանը, որոնք փոխանակ զբաղվեն օրինաստեղծ գործունեությամբ, այլ ոճի գործունեություն են ծավալում` պարոն Ֆարմանյանը պատճառաբանեց, թե հաճախ հասարակությունն է այդ գործելաոճը թելադրում: Որպես օրինակ բերեց այն, որ իրեն հարյուրավոր նամակ-դիմումներ են գրում ամենատարբեր կրթական, առողջական սոցիալական խնդիրների լուծման համար, ինչն, ըստ էության, պատգամավորի մանդատով նախատեսված չէ: Սակայն, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի` մեր հասարակական ինքնությունը պարտադրում է անտարբեր չլինել:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, անդրադառնալով համամասնական-մեծամասնական ընտրակարգերին, ասաց. «Եթե համամասնականի հիմնավորմամբ լիներ մեծամասնականի վերացումը, ապա հնարավոր է մենք ոչինչ չասեինք, նկատի ունեմ այն, որ եթե լիներ այնպես, ինչպես ներկայացվում էր սահմանադրական փոփոխություններից առաջ: Բայց մենք ունենք հիմա իրականում ռեյտինգային կոչված ընտրության համակարգը, որը քողարկված մեծամասնական ընտրակարգն է: 105 պատգամավորներից 52-ը ընտրվելու է տարածքներից հավաքված ամենաշատ ձայների արդյունքում: Հիմնականում դրանք լինելու են լուռ և օրենսդրական աշխատանքով աչքի չընկած պատգամավորները»:
Անդրադառնալով հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում հայտնվել-չհայտնվելու մասին հարցին` պարոն Մարուքյանը վստահեցրեց, որ եթե հայտնվի հաջորդ խորհրդարանում, հայտնվելու է թիմով, թիմի կազմում և գուցե ավելի շատ բան կկարողանա անել:
Եթե Էդմոն Մարուքյանը հավաստիացրեց, որ անխնա աշխատել է իր պատգամավորության տարիներին` չխնայելով ժամանակը, պարոն Ֆարմանյանն իրեն վերաբերվեց ավելի քննադատաբար` վստահեցնելով, որ ոչ այնքան գոհ է իր աշխատանքից, քանի որ օգտագործել է իր հնարավորությունների ոչ ավել, քան 20-25 տոկոսը: Իսկ թե ինչու, ըստ պատգամավորի` հազար պատճառ կա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ