«Էրդողանի նման հայտարարությունը Սիրիական հակամարտության կարգավորման վրա էական ազդեցություն ունենալ չի կարող»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը: Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի զինուժը Սիրիայում գործողություններ է սկսել՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանությանը տապալելու համար:
«Դա Էրդողանի ոճին հարիր զգացմունքային պոռթկում էր, որը նաեւ քարոզչական նպատակ ունի: Դա ուղերձ է՝ կապված այն հանգամանքի հետ, որ Հալեպում կառավարական ուժերը հաջողություններ են գրանցել, ինչը կարող էր անհանգստացնել Թուրքիային: Մյուս կողմից էլ, այն, ինչ կատարվում է Սիրիայում՝ «Եփրատի վահան» ռազմական գործողության համատեքստում, համաձայնեցված է Ռուսաստանի հետ»,-նշեց թուրքագետը:
Լեւոն Հովսեփյանը նաեւ նկատեց, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները շտապել են «խմբագրել» Էրդողանի հայտարարությունը. «Նախագահական նստավայրից հայտարարություն եղավ, որ Էրդողանի խոսքերը չպետք է բացառի հասկանալ, նախարարներից մեկն էլ նշեց, որ առանց Ռուսաստանի «Եփրատի վահանը» հաջողություն չէր ունենա, Չավուշօղլուն էլ փորձեց իր հերթին «սրբագրել» Էրդողանի հայտարարությունը»:
Ըստ մեր զրուցակցի՝ Էրդողանի հայտարարությունը չի կարող անդրադառնալ Սիրիայի հարցում ՌԴ-Թուրքիա հարաբերությունների վրա. «Լավրովն այսօր եղել է Թուրքիայում, ընթացել են բանակցություններ, կողմերը նշել են համագործակցության շարունակականության մասին»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ