Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախը երբեւիցե չի ունենալու այնպիսի սահմաններ, որոնք խոցելի կլինեն Ադրբեջանի կողմից». Դավիթ Բաբայան

Դեկտեմբեր 01,2016 17:10

«Մենք ասել ենք, որ կա սահմանների խնդիր, այդ խնդիրը կայանում է նրանում, որ միջնորդները որեւէ հնարավորություն չունեն այդ հարցը չքննարկելու, որովհետեւ կողմերից մեկը` Ադրբեջանը, ամեն անգամ այդ հարցն առաջ է քաշում, ուզած չուզած քննարկում են: Բայց դա չի նշանակում, որ եթե քննարկում են, պետք է Ադրբեջանի տարբերակն ընդունելի լինի ու այնպես անեն, ու Արցախը նորից վերադառնա իր անկլավային սահմաններին, ինչից հետո Արցախի ոչնչացումը կլինի տեխնիկական հարց: Եթե Ադրբեջանն ուզում է, դեռ  չի նշանակում, որ դա ընդունելի է ու կարող է  դառնալ իրականություն»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց 7 շրջաններ Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ ՀՀ նախագահի հայտարարությանը  ԼՂ մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Թե ինչու 7 շրջաններ հանձնելու մասին հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը լռեց Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող ցամաքային միջանցքի մասին, պարոն Բաբայանը պատասխանեց. «ՀՀ նախագահի մամլո խոսնակն էլ  հայտարարություն արեց, ձեր ասած այդ հարցն այնտեղ կա, եւ ոչ միայն միջանցքը, իրենք այլ ձեւ են բացատրել անվտանգ ցամաքային կապ, բայց սրանք տարբերակներ են, քննարկումներ են, չի նշանակում, որ ընդունված են: Մենք միշտ էլ ասում ենք, որ Արցախը երբեւիցե չի եղել ու չի լինի Ադրբեջանի մաս, այս ամենը ինչ վերաբերում է կարգավիճակին: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա Արցախը երբեւիցե չի լինելու անկլավ, երբեւիցե չի ունենալու այնպիսի սահմաններ, որոնք խոցելի կլինեն Ադրբեջանի կողմից, ինչու, որովհետեւ ունենք պատմություն, նախադեպ, սրանք տեսական քննարկումներ չեն կամ ամբիցիաների խնդիր չէ: 1988-ից սկսած Ադրբեջանն անընդհատ փորձեր է կատարել ոչնչացնել Արցախը: 1988-ին, երբ շարժման վերջին փուլը սկսվեց, այդ սահմանները եղել են ԼՂԻՄ-ի սահմանները, տեսանք` ինչպես Ադրբեջանն արձագանքեց մեր խնդրանքին` հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ»:

Մեր հարցին` ի վերջո հիմա ԼՂՀ բանակցային գործընթացում քննարկվում է 5 թե 7 տարածքների վերադարձման հարցը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մենք միշտ ասում ենք` ոչ թե տարածքների խնդիր է, այլ սահմանների: Այդ սահմանները միակողմանի եք դիտարկում, այն, ինչ Ադրբեջանն է պահանջում, բայց չէ, որ դրանով չի եզրափակվում: Ինչ է մենք սահմանների հարց չունե՞նք Ադրբեջանի հետ` բա Գետաշենը, Շահումյանը, Հյուսիսային Արցախը, Չարդախլուն, Մարտակերտի, Մարտունու գրաված հատվածները սրանք սահմանների խնդիր չէ՞ : Հետեւաբար, երբ խոսում ենք սահմանների, տարածքների մասին, պետք է հասկանանք, որ սա շատ բարդ գործընթաց է, որը չի դիտարկվում միակողմանի` այսինքն այն, ինչ Ադրբեջանն է ուզում: Եթե Ադրբեջանն անընդհատ այդ հարցը բարձրացնում է , միջնորդներն էլ դատավորներ չեն, միջնորդ են, ստիպված պետք է դնեն բանակցային սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ որոշված է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031