«Որպես թիմակից՝ ուրախ, հպարտ եւ երջանիկ կլինեմ, եթե այդպիսի նորություն ունենանք եւ եթե մի օր Հայաստանում կարողանա բեմ բարձրանալ Թուրքիայի քաղաքացի կամ ազգությամբ թուրք գործիչ, որն իսկապես պատիվ կունենա ընդունել այդ մրցանակը՝ կամա թե ակամա ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, եւ որն արժանի կլինի այդ մրցանակին»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներից գործարար Ռուբեն Վարդանյանի կարծիքը, թե «ուրախ կլինենք, որ մի օր «Ավրորա» մրցանակը հանձնի թուրքի», ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանը:
Հետաքրքրվեցինք՝ կա՞ նման գործիչ: «Անձամբ ցավոք դեռ չեմ ճանաչում նման թուրք գործչի, բայց հուսամ՝ կա: Մենք ինքներս չենք առաջադրում հավակնորդներին, առաջադրումը բաց է»,-պատասխանեց Արման Ջիլավյանը:
Նաեւ տեղեկացրեց, որ վերջերս Երեւանում հյուրընկալել են թուրք լրագրողների: Արման Ջիլավյանը ցանկություն չի հայտնել, որպեսզի վերջիններս գրեն Հայոց ցեղասպանության մասին, որովհետեւ կհայտնվեն բանտում: Ջիլավյանը նշեց, որ թուրք լրագրողներին պատմել են Հայոց ցեղասպանության մասին, ներկայացրել համապատասխան նյութեր: Արձագանքը, ինչպես Արման Ջիլավյանն ասաց. «արտասվում էին…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ