Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի կառավարության պաշտոնյաներ կենթարկվեն պատասխանատվության. Գագիկ Մելիքյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 16:02

Երբ հարց է լինում, թե երբ եք պատասխանատվության կանչելու այն պաշտոնյաներին, որոնք սխալներ են գործել, ՀՀԿ-ն միշտ այդ էջը փակում է: Հիմա Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է, ինչո՞ւ պատասխանատվության չեք կանչում տնտեսությունը նման վիճակի հասցնողներին: Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում մեր այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ես համոզված եմ, ձեր ասած էջը փակելու մասին գաղափարախոսությունը իրականում բավականին հեռու է իրականությունից: Այն թերությունները, բացթողումները, սխալները, որ նախկին կառավարման ընթացքում եղել են, դրանք հաշվի են առնում ապագայում, դրանք հաշվի են առնում գործող իշխանության կողմից եւ անպայման դրանցից դասեր քաղում են: Թերությունների եւ սխալների համար ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն, նրանք ժամանակի ընթացքում ամեն դեպքում պատասխանատվության կանչվում են: Այնպես չէ, որ որեւէ մեկը դուրս է մնում պատասխանատվությունից»:

Թե ովքեր են մինչ օրս պատասխանատվության ենթարկվել` Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Վերահսկիչ պալատի կողմից բավականին լուսաբանումներ եղել են, ստուգումներ կատարվել են, կոնկրետ անուններ հայտարարվում են, ՏՄՊՊ-ի կողմից վերջերս նույնպես մի քանի անուններ հրապարակվում են, բացթողումներ եւ խախտումներ: Դրանք բոլորը իրավական մարմինների կողմից պատասխանատվության կանչվում են: Այնպես չի, որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվում: Դուք բոլորին տեսել եք, ովքեր կանչվել են պատասխանատվության»:

Մեր հարցին` երբ «Հետքը» հրապարակեց Գագիկ Խաչատրյանի որդիների շքեղ առանձնատան մասին Լոս Անջելեսում, ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանը չհրավիրվեց եւ հարց չտրվեց, թե որտեղի՞ց այդ բնակարանը, չէ՞ որ երկար տարիներ նա պետական պաշտոններ է զբաղեցրել` Գագիկ Մելիքյանը պատասխանեց, որ խոսում ենք որդու բնակարանի մասին եւ ասում ենք, թե ինչու Գագիկ Խաչատրյանը չի ենթարկվել պատասխանատվության. «Կարծում եմ, բոլոր նրանք, ովքեր մեղավոր են, անպայման կանչվում են պատասխանատվության: Անվանական որեւէ մեկի հասցեին չեմ կարող բան ասել, որովհետեւ հրապարակումը հստակ փաստ չէ դեռեւս: Դա իրականություն է, թե իրականություն չի, չեմ կարող հաստատել»:

Նա ցույց տվեց իրավապահների տեղը, որ եթե կան փաստեր` իրավապահները նրանցով զբաղվում են:

Մեր հարցին` վարչապետը հայտարարեց, որ տնտեսությունը ծայրահեղ վիճակում է հասցված, հայտնի է, որ նրանից առաջ վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, բայց Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության ժամանակ Սերժ Սարգսյանն ասում է` շնորհակալություն լավ աշխատանքի համար, Հովիկ Աբրահամյանը մեր թիմի անդամ է, մեզ հետ է, ի՞նչ է սա նշանակում, նշանակում է, որ գոհ ենք, որ այս օրի եք հասցրել մեր տնտեսությո՞ւնը` Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Ոչ, դա չի նշանակում այդպես: Կարծում եմ, շնորհակալությունը կատարված աշխատանքի համար են հայտնում, կատարված աշխատանք անպայման կա, որի համար պետք է շնորհակալություն հայտնել: Կոնկրետ այդ կառավարման շրջանում բոլոր նրանք, ովքեր իրենց աշխատանքով ունեցել են թերություններ, բացթողումներ, սխալներ, որի հետեւանքով տնտեսության աճն այնքան չի եղել, ինչքան պետք է լիներ, կարծում եմ, համապատասխան պաշտոնյաները կենթարկվեն պատասխանատվության` իրենց աշխատանքում ունեցած բացթողումներ, սխալներ եւ թերություններ ունենալու պատճառով»:

Մենք հարցրեցինք նաեւ` Տիգրան Սարգսյանը բերեց 340 հազար դոլարանոց բիոզուգարանները մեր նեղ բյուջեի հաշվին դրեց, երեկ սոցցանցերում տարածվեցին լուրեր, որ տարածքում գարշահոտություն են տարածում, չեն էլ աշխատում, Տիգրան Սարգսյանին այդ ոչ արդյունավետ գնումների համար պատասխանատվության ենթարկեցի՞ն, թե՞ էլի շնորհակալություն հայտնեցիք ու ճանապարհեցիք ԱՄՆ` Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ ծրագիրն իրականացնողը պետք է կանչվի եւ հետաքրքրություն ներկայացնող հարցերին պիտի պատասխաններ ներկայացնի»:

Նա ասաց, որ կան հստակ պատասխանատուներ եւ կան պատասխանատվության ենթարկվող անձինք, որոնք ոչ ճիշտ ծրագրային եւ ոչ ճիշտ քաղաքականության հետեւանքով տնտեսությանը վնասներ են հասցնում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031