Տեղական գյուղմթերքներ արտադրողները երկար ժամանակ է դժգոհում են, որ իրենք մեծ ծախսեր են անում լոլիկ, վարունգ են արտադրում, սակայն թուրքական լոլիկ ներկրողները վնասում են իրենց բիզնեսը, քանի որ ավելի էժան են առաջարկում: Ընդ որում, ինչպես հայտարարել է «Ջերմատնային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գեւորգյանը, 1 կիլոգրամ թուրքական լոլիկը պետք է մաքսազերծվի 507 դրամով, մինչդեռ հայկական շուկայում վաճառվում է 500 դրամով, իսկ տեղական արտադրության լոլիկը խանութներում վաճառվում է թուրքականից թանկ գնով՝ 600 դրամով:
Այսօր կառավարության նիստից հետո գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այս խնդրին: Ըստ նախարարի, իրենք աշխատում են Հայաստանում լոլիկ ու վարունգ արտադրող ջերմատների հետ եւ առաջիկա ժամերին կտեղեկացնեն արդյունքների մասին:
Պարոն Առաքելյանը վստահեցրեց, որ բոլոր պետական մարմիններն այսօր աշխատում են, որպեսզի այս հարցը պարզաբանեն.«Եթե դա օրենքից դուրս է, պետք է կարգավորվի օրենքի սահմաններում: ՊԵԿ-ի ղեկավարի հետ խոսել եմ, հանձնարարություն է տվել մաքսանենգության հարցով վարչության պետին, որպեսզի հատուկ ուշադրություն դարձնի, թե կա՞ այդպիսի բան»:
Առաքելյանը վստահեցրեց՝ Թուրքիայից լոլիկը օրինական է ներմուծվում Հայաստան, ոչինչ չեն կարող անել, ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով կաթի մթերման խնդիրներին, մասնավորապես սնանկացած «Աշտարակ կաթին», պարոն Առաքելյանն ասաց, որ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել են, պայմանավորվել են, եթե մթերման խնդիր լինի, ապա մյուս ընկերություններն ապահովեն, իսկ «Աշտարակ կաթի» կուտակած խնդիրներով զբաղվում է այլ գերատեսչություն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ