Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշտարակ կաթ» գնել ցանկացող ընկերությունը բանակցել է Սուրեն Կարայանի հետ

Դեկտեմբեր 01,2016 15:48

Տնտեսության զարգացումների եւ ներդրումների նախարարությունում նախարար Կարայանը դեկտեմբերի 1-ին հանդիպեց «Աշտարակ կաթ» ընկերությունը գնել ցանկացողներին: Փակ բանակցություններից հետո նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը եւ «Ադռա Ռեմառա» կազմակերպության առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Մի քանի շաբաթ է՝ նախարարությունը փորձում է գտնել այն հնարավորությունները, որոնցով կարող է երաշխավորվել «Աշտարակ կաթ» ընկերության ապրանքանիշով արտադրանքի արտադրության շարունակականությունը՝ երաշխավորելով նշված կազմակերպության աշխատողների աշխատատեղերը եւ որ պակաս կարեւոր չէ այն բազմաթիվ գյուղացիների, որոնք երկարատեւ գործունեություն են ունեցել ընկերության հետ եւ վաճառել են իրենց գյուղատնտեսական արտադրանքը:

Բնականաբար, սա բարդ գործընթաց է, այստեղ որոշումները մեկ օրում չեն կայացվում եւ ճանապարհ կա անցնելու: Ամենակարեւորն այն է, որ հավանական գործընկերներից մեկը, որը քաջածանոթ է ե՛ւ շուկային, ե՛ւ «Աշտարակ կաթի» գործունեությանը, ե՛ւ գիտի այն խնդիրները, որոնք պետք է ժամանակի ընթացքում լուծի՝ շուկայում իր կայուն տեղը վերականգնելու եւ որակյալ արտադրանքը իր հաճախորդներին հասցնելու համար, երեւում է»,- ասաց նախարարի տեղակալը:

Սուրեն Կարայանը Արտակ Ասատրյանի եւ Արտակ Ավագյանի հետ

Սուրեն Կարայանը Արտակ Ասատրյանի եւ Արտակ Ավագյանի հետ

Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կազմակերպությունը մի շարք բանակցություններ է ունեցել «Աշտարակ կաթ» ընկերության նախկին ղեկավարության հետ. «Ամենակարեւորն այն է, որ արդեն երեք օր է՝ ձեռնարկության արտադրությունը գործում է, արտադրանքը հասնում է խանութները: Եվ շահագործող կազմակերպությունը լիահույս է, որ ամիսների ընթացքում, երբ որ վստահություն ունենա, որ կարողացավ այն կորցրած դիրքերը, որ տարբեր պատճառներով տեղի էին ունեցել վերջին տարիների ընթացքում, կապահովի կայունություն, կերաշխավորի ե՛ւ գյուղացիների արտադրանքի կայուն գնումներ, ե՛ւ աշխատատեղեր»:

Տիգրան Խաչատրյանը հավելեց, որ «Ադռա Ռեմառա» կազմակերպության նպատակները երկարաժամկետ են. «Կազմակերպությունը վստահ է, որ առաջին իր հիմնական անելիքը արտադրանքը սպառողին հասցնելու երկարաժամկետ նպատակն է: Մնացած ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031