Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր օր բավականին քանակությամբ անդամներ ՀՀԿ-ից հեռացվում են». Գագիկ Մելիքյան

Դեկտեմբեր 01,2016 15:44

Մամուլում հրապարակումներ կան, որ իրականում ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնողների 7000 թիվը չի լրացել, 2500-ը «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցներն են եւ հիմա ստիպում են, որ ՀԷՑ-ի աշխատողներն էլ դիմում գրեն, որ այդ 7000-ը լրացվի:

Այսօր այս առնչությամբ «Պոստ Սկրիպտում» ակումբում լրագրողների հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Իրականում դա այն հարցը չէ, որ հնչեղություն տան, հատկապես` ՀՀԿ-ի պարագայում: Այո, ՀՀԿ-ին անդամակցեցին վարչապետը, մի քանի նախարարներ եւ այդ ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվեցին նաեւ հանրապետության բազմաթիվ քաղաքացիներ: ՀՀԿ-ի համար անդամագրման եւ զտման գործընթացը սովորական առօրյա աշխատանք է, ուղղակի այդ ընթացքում, միգուցե կապված վարչապետի անդամագրման հետ, թիվը մեծացավ: Ասել, որ 7000 հոգու անդամագրումը ՀՀԿ-ի համար ինչ-որ մի արտառոց դեպք է` այդպես չէ»:

Նա ասաց, որ ԶԼՄ-ները դրանից փորձեցին սենսացիա անել. «Իրականում ՀՀԿ-ից, նաեւ զտման հետեւանքով յուրաքանչյուր օր բավականին քանակությամբ անդամներ ազատվում են, հեռացվում են ՀՀԿ-ից` տարբեր պատճառներով: Դա որեւէ նշանակություն չունի եւ որեւէ մեկը դրան պարզապես լուրջ տեղ չի էլ տալիս, որովհետեւ դա բնական գործընթաց է, որն իրականացնում է ՀՀԿ-ն»:

Նա ասաց, որ Հայաստանի ամենաազդեցիկ ուժին, իհարկե, նման քանակով մարդկանց անդամագրումը լավ է, նշանակում է վստահության բարձրացում, հավատի վերականգնում, ակնկալիքներ ունենալ այդ կուսակցությունից: Ըստ նրա, մարդիկ իրենց հույսը կապում են ՀՀԿ-ի նման ազդեցիկ ուժի հետ. «Այդ 7000-ը վերջը չէ, ամեն օր էլ անդամագրում կա»:

Իսկ թե ինչու են ՀՀԿ-ից անդամներ հեռացվում` Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կուսակցության հետ կապի ընդհատման, այլ վայրեր տեղափոխվելու: Ամեն ինչ հնարավոր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031