Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքակրթությունը որոշել է դիմադրել եւ հաղթել տեղեկատվական պատերազմում

Դեկտեմբեր 01,2016 22:00

Մոսկվան հնձում է այն, ինչը խնամքով տարիներ ի վեր ցանել է

Եվրախորհրդարանը նոյեմբերի 23-ին ընդունել է բանաձեւ, որով միացյալ Եվրոպայի երկրներին կոչ արեց հակազդել ռուսական եւ իսլամիստական քարոզչությանը: Ընդ որում, որոշման մեջ հատուկ նշվում է, որ հակազդեցությունն իրականացվելու է ոչ թե հակաքարոզչությամբ, այլ լուսավորչությամբ եւ ԶԼՄ-ներին սատարելով:
Մոսկվան պաշտոնական խողովակներով եւ ԶԼՄ-ների միջոցով կոշտ պատասխան տվեց, որում հիմնական «մեխը» Կրեմլի խմբագրմամբ՝ «խոսքի ազատության խախտումն» անթույլատրելի է:

Այսինքն՝ եվրոպացիներն, ըստ այդ հայտարարությունների, խախտում են Մոսկվայի «խոսքի ազատությունը» Եվրոպայում: Ի՞նչն է ուզում պաշտպանել Եվրախորհրդարանը եւ ինչի՞ց: Ումի՞ց՝ պարզ է, «հասցեները» նշված են ուղղակի:

Եթե իսլամիստական քարոզչության հիմնական վտանգը համարվում է կողմնակիցների հավաքագրումը ահաբեկչական գործողություններում ներգրավելու համար` վտանգ, որին արդեն բախվում է Եվրոպան ուղղակիորեն, ապա ռուսական քարոզչությունը, ինչպես նշված է փաստաթղթում, ուղղված է նրան, որպեսզի կասկածի տակ դրվեն ժողովրդավարական արժեքները, պառակտում մտցնի Եվրոպայում, սատարողներ ձեռք բերի ներքին թատերաբեմում, որոնք կարդարացնեն Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, հիբրիդային պատերազմն Ուկրաինայում, Ղրիմի անօրինական բռնակցումը, որոնց պատճառով Մոսկվան հայտնվել է պատժամիջոցների ներքո: Բացի դրանից, ռուսական քարոզչությունն ուղղակիորեն, այդ թվում՝ ֆինանսապես, սատարում է Եվրոպայի այն քաղաքական ուժերին, որոնք կիսում են Մոսկվայի մոտեցումները:

Երբ երկու համաշխարհային պատերազմ տեսած Եվրոպան ստեղծեց Ածխի եւ պողպատի եվրոպական միավորումը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ռոբեր Շումանն այդ գաղափարն առաջին հերթին հիմնավորեց նրանով, որ այդպիսով այն կբացառի Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ որեւէ պատերազմ ապագայում: Հայտնի է, որ հենց այդ միավորումը սկիզբ դրեց ներկայիս Եվրամիությանը: Այսինքն՝ Միասնական Եվրոպան առաջին հերթին հակամարտությունները բացառելու մեխանիզմ է, որն աշխատում է տնտեսական եւ քաղաքական ինտեգրմանը հասնելու ճանապարհով: Ահա՛ թե ինչին են հարվածում ռուսական քարոզչությունը եւ նրա սիրելի՝ աջ եւ ձախ ամբոխավար ծայրահեղականները Եվրոպայում:

Փաստորեն, Ռուսաստանը քարոզչական պատերազմ է սանձազերծել ընդդեմ Եվրոպայի, Միասնական Եվրոպայի, եվրոպացիների ունիվերսալ արժեքների, եվրոպական անվտանգության: Բնականաբար, Եվրոպան, որը հիմք է դրել մարդու իրավունքների եւ ազատությունների ժամանակակից ունիվերսալ չափանիշներին, ժամանակակից քաղաքակրթությանը, ոչ միայն իրավունք ունի, այլեւ պարտավո՛ր է պաշտպանվել եւ պատասխանել նետված մարտահրավերին: Ընդ որում, Ռուսաստանն այդ պատերազմը վարում է ոչ միայն ԵՄ-ում, այլեւ Արեւելյան Գործընկերության երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Այդքանից հետո Մոսկվան «նեղացած» է, որ «խախտվել» են ժողովրդավարական նորմերը… Այս ամենը հասկանալի եւ ընկալելի կլիներ, եթե Ռուսաստանում հասարակական-քաղաքական համակարգը կառուցված լիներ նույն չափորոշիչներով, մարդու իրավունքները եւ ազատությունները Ռուսաստանում, այդ թվում՝ խոսքի եւ մամուլի ազատությունը լինեին նույնչափ պաշտպանված եւ հարգված թե՛ օրենքով, թե՛ գործնականում: Իրականում այդ ամենը Ռուսաստանում ոչ միայն հարգված չէ, այլեւ ուղղակի բռնաբարված: Իսկ Ռուսաստանի մշակույթի նախարարը Երեւանում երեք տարի առաջ եվրոպական արժեքները հրապարակայնորեն հայտարարեց որպես «Հյուսիսատլանտյան պրոպագանդայի ստահոդություն»:

Հետեւաբար տեղեկատվական հոսքերը Եվրոպայից եւ Ռուսաստանից նույն հարթության վրա կամ որպես «իրար արժանի» դիտարկելը ոչ միայն կոպիտ սխալ է, այլեւ ուղղակի ցինիզմ: Եթե եվրոպական մեդիան ձգտել եւ ձգտում է ի ցույց դնել այն ամենը, ինչը թաքցնում են ռուսական իշխանությունները եւ մի բան էլ դրա համար մեղադրում «ռուսատյացության» մեջ, ապա ռուսական մեդիան ուղղակի ներծծված է ստով, կեղծիքով, դավադրության տեսություններով, ատելությամբ ընդդեմ Արեւմուտքի ընդհանրապես: Կրեմլի բռնապետությանն ուղղակի կենսականորեն անհրաժեշտ է թշնամու կերպարը՝ հանձին Արեւմուտքի, անհրաժեշտ է ամենօրյա ռեժիմով ապացուցել սեփական ժողովրդին, թե «ի՜նչ վատն է» Եվրոպան, «ի՜նչ վատն է» Ամերիկան: Դե, իսկ Արեւմուտքի «հոգեւոր» չլինելու մասին չխոսելը Ռուսաստանում կարող է համարվել գրեթե որպես ռուսատյացություն:

Ռուսաստանն է, որ ձգտում է վերանայել Սառը պատերազմից հետո ձեւավորված աշխարհակարգը, սանձազերծել նոր՝ Սառը պատերազմ, ավելին` Ռուսաստանն է, որ Ղրիմը բռնակցելով ստեղծել է Եվրոպայում իրավիճակ, որը վերջին անգամ մայրցամաքը տեսել է Երկրորդ համաշխարհայինից անմիջապես առաջ, երբ Հիտլերն «անշլուսի» ենթարկեց անկախ Ավստրիան, այնուհետեւ միացրեց Ռայխին Սուդետները: Նա նույնպես «արդարություն էր վերականգնում» յուրովի: Նա նույնպես «զզվում» էր լիբերալներից եւ լիբերալիզմից: Եվ «օդից» չէին այն զուգահեռները, որոնք հենց ռուս վերլուծաբանները գտան երկու ելույթներում. Հիտլերի եւ Պուտինի՝ համապատասխանաբար Սուդետների եւ Ղրիմի բռնակցումից հետո: Ընդ որում, այդ երկու անձանց համեմատությունն իրեն թույլ տվեց ոչ թե ինչ-որ մի «ռուսատյաց» կամ «պետդեպի վարձկան», այլ Պուտինի քաղաքականության ջատագով, քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ «լավ Հիտլերի» կերպարի մասին դատողություններով…

Եվ այսպիսի թունավոր խառնուրդից է սերված այն «լրատվությունը», որին դիմակայելու կոչ է անում Եվրախորհրդարանը: Շատերն ասում են, թե Պուտինն, այնուամենայնիվ, Հիտլեր չէ, իսկ «ռուսկի միռ» կոչվածը նացիզմ չէ, Պուտինն էլ ընդհանրապես մատների արանքով է նայում ցանկացած գաղափարախոսության եւ այլն: Գուցեեւ դա այդպես է կամ՝ այդպես չէ: Հետո՞ ինչ: Դրանից սպառնալիքը պակաս վտանգավոր չի դառնում:

Օբյեկտիվ լրատվության չափանիշները պահանջում են կարծիքների եւ մոտեցումների հավասարակշռություն: Սակայն երբ լրատվությանը եւ ընդհանրապես՝ լրագրությանը եւ քաղաքակրթությանը մարտահրավեր է նետված եւ հայտարարված է պատերազմ, ապա ազատ աշխարհի պետությունները եւ հասարակությունները, ինչպես նաեւ ազատ լրագրությունն ուղղակի չե՛ն կարող նույն հարթության վրա դնել տեղեկատվությունը եւ ապատեղեկատվությունը, ազատ մարդու ազատ խոսքը եւ գաղափարական ժանտախտն ու քարոզչական աղբը՝ ուղղված ընդդեմ ազատ մարդու, ինչն ուղղակի վիրավորում է բանականությունը: Ավելին՝ լրագրողական հանրության վրա է դրված այդ ամենին դիմագրավելու կարեւոր առաքելությունը, որի հաջողությունը պայմանավորված է նաեւ պետության եւ ԶԼՄ-ների առողջ գործընկերությամբ: Անշուշտ, եվրոպացիներն իրավացի են. հակազդեցությունն իրականացվելու է ոչ թե հակաքարոզչությամբ, այլ լուսավորչությամբ եւ ԶԼՄ-ներին սատարելով: Փաստ եւ ինտելեկտ. դա՛ է քարոզչությունը վերածելու նոնսենսի: «Ցանկացած քարոզչության ամենավատ թշնամին ինտելեկտուալիզմն է»,- ասում էր Յոզեֆ Գեբելսը…

…Պաշտոնական Երեւանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ նոր համաձայնագրի շուրջ, եւ պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանն առաջնորդվում է եվրոպական արժեհամակարգով: Իսկ որքանով է հաջողված մեզ մոտ պետության եւ ԶԼՄ-ների գործընկերությունը՝ կթողնեմ ընթերցողների, լրագրողների եւ խմբագիրների, ինչպես նաեւ այս դրամատիկ զարգացումների պայմաններում քաղաքական պատասխանատվություն ստանձնած պետական պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների դատին…

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հ.Գ. 1946թ. հոկտեմբերի 16-ին գերմանական Նյուրնբերգում կախաղան հանեցին նացիստական առաջնորդներին: Մահվան դատապարտվածներից միակը, որն արժանացավ դրան ոչ թե պատերազմ եւ ցեղասպանություն սանձազերծելու հանցավոր որոշումներ ընդունելու, այլ ՄԻԱՅՆ քարոզչության համար, նաեւ միակը, որը Հիտլերին հիշատակեց, Յուլիուս Շտրայխերն էր՝ նացիստական կուսակցության «Der Sturmer» («գրոհային») թերթի խմբագիրը, որն ահռելի «ավանդ» ուներ հրեաների նկատմամբ եւ ընդհանրապես՝ վախի, ատելության մթնոլորտի եւ պատերազմի քարոզչության գործում: Նույն օրը մահապատժի ենթարկված Վերմախտի օպերատիվ շտաբի պետ, գեներալ եւ պատերազմի հանցագործ Ալֆրեդ Յոդլը դատական պրոցեսի ընթացքում Շտրայխերի կնոջ ցուցմունք տալուց հետո նրա մասին ասել է. «Նա չափից դուրս լավիկն է այդպիսի ավարտուն տականքի համար, ինչպիսին նրա ամուսինն է»…

«Առավոտ»
30.11.2016թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. araqel says:

    Ռուսաստանում այժմ գաղափարական տեսակետից Գերմանիայի 35-36 թթ է:
    Պուտինը , դատապարտված է առաջին հերթին որպես խոշոր ավազակ, “Յուկոսի” միջոցների յուրացման համար, որը ապացուցվեց Եվրոպական դատական համակարգի միջոցով:

  2. Seyran says:

    Պարոն Մեհրաբյան.ես էլ եվրոպական քաղաքակրթության մասին բարձր կարծիք ունեի մինչև այն պահը,երբ չորս տարի առաջ,երբ սկսվեց Սիրիայի շուրջ զարգացումները՝Եվրոմիության խոսափողը՝Եվրոնյուսը,օրական 96 անգամ՝յուրաքանչյուր տասնհինգ րոպեն մեկ,աշխարհին համոզում էր Սիրիայի իշխանափոխության անհրաժեշտությունը:Այդ ինֆորմացիոն պատերազմը շարունակվեց այնքան,մինչև սկսվեց քաղաքացիական պատերազմ:Երբ տեսան պատերազմը մտել է,,հունի,,մեջ,այլևս լռեցին Սիրիայի մասին մինչև այն պահը,երբ սկսվեց միգրացիան դեպի Եվրոպա:Ասածս այն է,որ Եվրոպան էլ ,,հրեշտակ,,չէ և նրա խղճին է սիրիացիների բոլոր տառապանքները,կործանված քաղաքները,մարդկային կորուստները:Եվրոպայի համար արժեք ունեն միայն իրենց քաղաքացիները՝այն էլ ընտրություններում ձայներ ստանալու նպատակով,մարդկության մնացած մասը նրանց համար հումք է….:Երբ որևէ իշխանություն չի կարողանում իր բնակչությանը ապահովել հաց ու կարագով՝նրան վախեցնում է պատերազմի վտանգով կամ պատերազմով:Այժմ Եվրոպան այդ վիճակում է՝կրճատվում է արտադրությունը,մեծանում է գործազրկությունը և այդ ամենը վերագրվում է մերձավոր արևելքի իրադրությամբ և միգրացիայով….

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031