Այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն անդրադառնալով լրագրողների՝ պարարտանյութերի շուկայում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի արձանագրած խախտումներին, հորդորեց նման հարցերով դիմել ուսումնասիրություն կատարող կազմակերպությանը:
Հիշեցնենք, որ ըստ ՏՄՊՊՀ եզրակացության, եթե պետական աջակցության ծրագրով պարարտանյութի մատակարարի ընտրությունը իրականացվեր մրցութային եղանակով, ապա կարելի էր ընտրել նույն արտադրանքը ավելի ցածր ինքնարժեքով ներմուծող ընկերություն: Այս դեպքում հնարավոր կլիներ թե պարարտանյութը գյուղացիներին տրամադրել ավելի քան 36 տոկոսով ցածր սակագնով եւ թե պետական միջոցներն օգտագործել առավել արդյունավետ:
Բացի այս, հանձնաժողովի կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Այս ընկերությանը գյուղատնտեսության նախարարությունն ընտրել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին: Այնինչ, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում, ըստ ՏՄՊՊՀ-ի, պետությունը կարող էր խնայել ավելի քան 1.5 միլիարդ դրամ:
Լրագրողների այն դիտարկմանը՝ նախորդ կառավարությունների օրոք այս ոլորտում մրցույթներ չեն անցկացվել, խախտումներ են եղել, ինչպե՞ս է նախարարը գնահատում այս երեւույթը, նախարարը պատասխանեց. «Ես գնահատողը չեմ, վերլուծողը չեմ: 2016 թվականին եղել է մրցույթ, նախորդ տարիներին եղել է կառավարության որոշում, թե ոնց պետք է անցկացվի: Հիմա մտածում ենք, թե հաջորդ տարվա համար ինչ ենք անելու, ոնց ենք անելու: Բայց իմ տրամադրությունը միանշանակ ուղղված է նրան, որպեսզի շուկան բացենք եւ ընդհանրապես պարարտանյութի սուբսիդավորում չանենք: Այսինքն՝ պետք է թույլ տանք ով ուզում է, բերի: Մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գնային ազդեցություն կտա շուկայում»:
Կարդացեք նաև
Ըստ նախարարի, ֆերմերների համար պարարտանյութը չպետք է թանկանա:
Իսկ թե ինչո՞ւ է նախկինում առանց մրցույթի կազմակերպվել գործընթացը, արդյոք նախարարն իր կոլեգաներից չի՞ հետաքրքրվել, այս հարցին ի պատասխան՝ նախարարն ասաց. «Ես հիմա այնքան բան ունեմ անելու, որ հիմա հարցնեմ, թե ինչո՞ւ է նախկինում նման բան եղել, ժամանակ չունեմ»:
Գուցե այդ ընկերությունների հետեւում կանգնած պաշտոնատար անձինք են օգտվել դրանից ու հարստացել, այս հարցին էլ ի պատասխան՝ նախարարն ասաց, որ «ով ձեզ ասել է, նրա հետ խոսեք»: Ապա Առաքելյանը շարունակեց՝ «Ինչ վերաբերում է նրան, որ որոշ մարդիկ հարստանան, ես չեմ կարող հարստանալու դեմ քայլ անել, հակառակը, բոլորը պետք է հարստանան, բայց դա պետք է լինի օրենքի սահմաններում եւ թափանցիկ»:
Առաքելյանը խոստացավ՝ այնպես կանի, որ իր ոլորտում հետագայում բյուջեի միջոցներն անարդյունավետ չծախսվեն:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ