«Արմենիա» ավիաընկերությունը, որը մեկ տարի առաջ է մտել Հայաստանի ավիաշուկա, մեկ տարվա ընթացքում մի շարք խնդիրներ է ունեցել: Այսօր այս մասին «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլին:
Ըստ նրա, Հայաստանում կրիմինալ եւ ոչ արդար մրցակցություն է, քանի որ որոշ ավիաընկերություններ ինքնարժեքից ցածր տոմսեր են վաճառում:
Լրագրողի ճշտող հարցին, թե խոսքը «Պոբեդա» ավիաընկերության մասի՞ն է, որը 10 հազար դրամանոց տոմսեր է վաճառում, պարոն Գաիաշվիլին պատասխանեց, որ «Պոբեդան» «Աէրոֆլոտ» ավիաընկերության դուստր ընկերությունն է եւ այնքան ժամանակ է էժան տոմս վաճառելու, մինչեւ որ վերացնի իր մրցակիցներին, որից հետո արդեն թելադրելու է իր գները:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
«Արմենիայի» գլխավոր տնօրեն Ռոբերտ Հովհաննեսյանը նույնպես մտահոգություն հայտնեց Հայաստանի ավիաշուկայում տեղի ունեցող դեմպինգի վերաբերյալ` նշելով, որ դիմելու են Հայաստանի կառավարությանը`, որպեսզի մրցակցությունը հայկական եւ ռուսական ավիափոխադրողների միջեւ լինի արդարացի. «Ես հասկանում եմ, որ ուղեւորն ուզում է թռչել որքան էժան` այնքան լավ սկզբունքով, բայց, եթե ավիատոմսի գինը ինքնարժեքից ցածր է, ապա դա արդեն դեմպինգ է»:
Մանրամասները` տեսանյութում
Ռոբերտ Հովհաննեսյանի խոսքերով, մինչ օրս «Արմենիա» ավիաընկերությանը չի թույլատրվում Թել Ավիվ եւ Դուբայ ուղղություններով չվերթներ կատարել, որի շուրջ այս պահին էլ բանակցություններ են գնում. «Ուղեւորներին պետք է հնարավորություն տալ ուղիղ թռչել այս կամ այն երկիր, ոչ թե երրորդ երկրով»:
Aravot.am-ի հարցին, թե ինչպիսի կամ ո՞վ է խոչընդոտում նշյալ ուղղություններով չվերթներ կատարելուն եւ արդյոք փոշմանել են, որ մտել են Հայաստանի ավիաշուկա, Թամազ Գաիաշվիլին պատասխանեց, որ երբ եկել է, չի կասկածել, որ իրենց դժվարություններ են սպասվելու: Իսկ Թելավիվի եւ Դուբայի ուղղությունների մասով էլ պետք է կառավարությունը հարցը լուծի եւ սատարի:
Ավիաընկերության ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ տոմսերի արժեքը Հայաստանում թանկացնում է նաեւ մենաշնորհ հանդիսացող Զվարթնոց օդանավակայանը: Թամազ Գաիաշվիլիի խոսքերով, կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լինի որ այս ոլորտում մրցակցություն լինի, քանի որ Հայաստանը գտնվում է հակամարտության գոտում եւ ավիացիան մեր երկրի համար շատ կարեւոր է:
«Արմենիայի» պատասխանատուները նաեւ նշեցին, որ շուտով կգործարկեն դեպի Բարսելոնա, Բրյուսել, Լոնդոն ուղղությունները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ