Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության հերթական համաժողովը

Դեկտեմբեր 01,2016 14:26

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.

«Ինձ համար շատ հաճելի է այսօր ողջունել ապակենտրոնացված համաժողովի մասնակիցներին. համաժողով, որն ուղղակիորեն կապում է հայ-ֆրանսիական գյուղական համայնքներ, քաղաքներ, բնակավայրեր և ստեղծում է մի հարթակ, որտեղ մեր երկրների ներկայացուցիչները  կարողանում են ուղղակիորեն հարաբերվել` զարգացնելով տեղական ինքնակառավարումը, զարգացնելով գյուղական բնակավայրերը, զբոսաշրջությունը և այլ ոլորտներ: Այսօր մենք մեր երկրում ունենք խնդիրներ` կապված համաչափության բացակայության հետ, կապված աղքատության մակարդակի մեծ տարբերությունների հետ Երևանում և մարզերում, կապված մեր հեռավոր սահմանամերձ շրջաններում գործիքների, միջոցների բացակայության հետ, և համագործակցությունը դառնում է այն հիմնական օղակը, որով մենք կարողանում ենք փոխադարձաբար տեսնել, օգտվել և կառավարման նոր ձևեր ներմուծել մեր երկրում:  Ես ինքս համագործակցության բազմաթիվ օրինակներ եմ տեսել Հայաստանում` Տավուշի մարզում, Լոռիում, Սյունիքում, Շիրակում և այլուր: Գիտեք` միայն նյութական օժանդակությունը չէ, որ  համագործակցությունը բերում է փոխադարձ երկու կողմերին, այստեղ շատ ավելի կարևոր է, որ մենք կարողանում ենք մեր ֆրանսիացի բարեկամներից փորձ ընդօրինակել համայնքները կառավարելու, մասնակցայնությունը մեծացնելու, ժողովրդի հետ տեղական ինքնակառավարման ամրապնդման խնդիրները լուծել և տնտեսական զարգացման նոր մոդելներ ներդնել գյուղական համայնքներում, փոքր քաղաքներում և մարզերի այլ բնակավայրերում: Այս հարթակը մշտապես օգտագործելու ենք սովորելու, ամրապնդելու մեր երկու երկրների միջև կապերը:

vhm_7563

Սիրելի բարեկամներ,

թույլ տվեք շնորհավորել համաժողովի բոլոր մասնակիցներին, ցանկանալ, որ այս հարթակը մենք փոխադարձաբար օգտագործենք առավելագույնը անելու մեր երկու երկրների և ժողովուրդների համար»:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի համայնքների միության և Cités Unies France-ի (տեղական ինքնակառավարման մարմինների ֆեդերացիա) համատեղ ուժերով` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության և Ապակենտրոնացված համագործակցության ֆրանսիական ազգային հանձնաժողովի հովանու ներքո: Համաժողովի նպատակն է հայկական և ֆրանսիական տեղական իշխանությունների համար ստեղծել մասնագիտական փորձի փոխանակման, համատեղ փոխգործակցության տիրույթները ընդլայնելու հարթակ` վերահաստատելու հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների կարևորությունը և մատնանշելու զարգացման հետագա ուղղությունները:

Համաժողովի քննարկման հիմնական ոլորտներն են` գյուղատնտեսությունը, կրթությունը և թվային տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը և քաղաքային ենթակառուցվածքները՝ թեմաներ, որոնք տարածքների տնտեսական զարգացման տեսանկյունից կհանգեցնեն սեմինարների և համապատասխան վայրեր այցերի: Կգումարվի նաև լիագումար նիստ՝ նվիրված տեղական ժողովրդավարության գործում քաղաքացու դերին:

 

ՏԿԶՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031