Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» սնանկ ճանաչելու դատական գործընթացը եղել է գաղտնի ու արագացված». նաիրիտցիները բողոքում են. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 01,2016 14:06

«Նաիրիտի» կառավարող խորհրդի անդամ Կարինե Շահվերդյանը վստահեցնում է` «Նաիրիտը» սնանկ ճանաչելու դատական գործընթացը իրականացվել է արագացված ձեւով ու գաղտնի:

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության դիմումը, որով վերջինս պահանջել էր սնանկ ճանաչել պարտապան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն:

«Նիստը պետք է կայանար 2017 թվականի հունվարի 25-ին, բայց, չգիտես ինչու, արագացվել է, երկրորդ ծանուցումն են ուղարկել` օրը փոխելով, այսինքն, հունվարի 25-ի փոխարեն, եղել է նոյեմբերի 28-ին, ինչու, որովհետեւ նաիրիտցիները 100 հոգով հավաքվում են դատարանում, որ իրենց ներկայությամբ թույլ չտան նման սխալ որոշում կայացնել:Այս անգամ ամեն ինչ արեցին արագացված, գաղտնի, որ նաիրիտցիները տեղյակ չլինեն, իրենք էլ իրենց սեւ գործն անեն: Մենք այսօր հավաքվել ենք կառավարության շենքի դիմաց ու ամոթանք ենք տալիս կառավարությանը»,-ասաց Կարինե Շահվերդյանը:

Նրա խոսքով, ինքը շատ կուզենար հավատալ, որ «Նաիրիտը» սնանկ են ճանաչում, որ պարտքերը զրոյացնեն ու զրոյացված պարտքերով տան ներդրողին, բայց. «Եթե լավ բան են անում, ինչու են դա գաղտնի անում: Մեր իշխանություններն այնքան վատ բան են արել, որ եթե մի փոքր լավ բան էլ անում են, ի լուր աշխարհի տեղեկացնում են: Եթե հիմա լավ բանի համար էին անում, ինչու չասացին, ինչու գործարանի համակարգող խմբի անդամներին չհավաքեցին, չասացին` նման մտադրություն ունեն: Այսինքն, գաղտնիությունից լավ բան չենք սպասում: Մեր պայքարն, ամեն դեպքում, շարունակվում է, հաջորդ հինգշաբթի շատ հնարավոր է հավաքվենք կառավարության մոտ, ապա շարժվենք դեպի Ազգային ժողով»:

Տիկին Շահվերդյանն ու մյուս նաիրիտցիները մտավախություն ունեն, որ դատարանի` «Նաիրիտը» սնանկ ճանաչելու այս որոշումն ավելի անհնար կդարձնի իրենց պահանջը, այն է` «Նաիրիտի» վերագործարկումը. «Միայն «ՀԷՑ-ը չէ իր պարտքի պահանջով, կան նաեւ ՋԷԿ-ը, «Երեւան Ջուրը», որոնց բավականին պարտքեր կան: Եթե այս անգամ սնանկության հայցը բավարարել են, կարող է այս պահին մյուս կազմակերպություններն էլ ոտքի կանգնեն… արդեն ասվել է` որոշակի տարածքներ պետք է տան ՀԷՑ-ին, եթե նման որոշում կա, այսինքն, պետք է մնացած մասն էլ մասնատեն տան ՋԷԿ-ին, «Երեւան Ջրին»… Էլ ուր մնաց գործարանի վերագործարկման պահանջը»:

Նաիրիտցիները պատրաստվում են բողոքարկել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Մեր հարցին, թե ինչն է խանգարում, որ իշխանությունները բավարարեն նաիրիտցիների` «Նաիրիտը» վերագործարկելու պահանջը, տիկին Շահվերդյանը պատասխանեց. «Մինչեւ այս ասում էին` վատ կառավարման հետեւանքով «Նաիրիտը» բերեցին, հասցրին այս վիճակին, լավ, հիմա ինչ են անում, չէ որ այդ նույն վատ կառավարումը շարունակվում է: Վարչապետ, նախարար, ի վերջո Հայաստանի նախագահը հնարավոր է այս ամեն ինչից տեղյակ չլինի, չէ որ բազմիցս նամակներով ենք դիմել, միթե ՀՀ նախագահին չի անհանգստացնում, որ գործարանից դուրս են շպրտել 2000 մարդ, ուզում են արտագաղթի տեմպերն ավելանա՞»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031