«Դիլիջան» ազգային պարկի տարածքում երեկ բռնկված հրդեհի պատճառը պարկի հարեւանությամբ գտնվող զինվորական պալիգոնում տեղի ունեցած կրակահերթն է եղել: Զինվորական զորավարժությունների ժամանակ հերթական կրակոցների արդյունքում խոտատարածք է բռնկվել, արդյունքում հրդեհը տարածվել ու հասել է զորամասի հարեւանությամբ գտնվող ազգային պարկ: Այս մասին ասաց պարկի տնօրենի` պահպանության գծով տեղակալ Վաղինակ Վասիլյանը: Նա վստահեցրեց, որ հրդեհը անփութության արդյունք չէ, ինչպես ավելի վաղ հայտնել էր բնապահպան Սիլվա Ադամյանը:
«Փաստացի մարդկային ոչ մի գործոն չկա որպես հրդեհի պատճառ, առաջինը տեսել են հենց զինվորականները, նրանք են արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգել, բոլոր աշխատակիցները, որոնք ֆիզիկապես մոտ էին տարածքին, մասնակցել են կրակի մարմանը, կարողացել ենք հրդեհի դեմն առնել, անփութության խնդիր ընդհանրապես չի եղել»,- ասաց Վաղինակ Վասիլյանը:
Նրա խոսքով, իրենք այսօր արդեն համապատասխան հանձնաժողով են ստեղծել, որն ուսումնասիրում է վնասների չափը. «Մեր մասնագետները կչափագրեն, կհասկանանք վնասի չափը: Փաստացի այրվել է խոտատարածքը, ճյուղային ու չոր թփուկները: Այս պահին չեմ կարող կոնկրետ թվաբանություն ասել, մինչեւ մեր մասնագետներն իրենց սարքավորումներով չչափագրեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ