Ռուսաստանը մնում է Ղրղըզստանի ռազմավարական դաշնակիցը, բայց ռազմական առումով պետությունը պետք է հենվի սեփական ուժերի վրա: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը:
«Կարծում եմ՝ մենք միանգամայն ճիշտ էինք «Գանսի» բազայի հարցում (խոսքը Ղրղըզստանի միջազգային օդանավակայանում ամերիկյան ավիաբազայի դուրսբերման մասին է- խմբ.): Դա ոմանց դուր գալիս է, թե՝ ոչ: 5 տարի է անցել, և ժամանակը ցույց տվեց, որ դա ճիշտ որոշում էր: Ղրղըզստանն ապագայում պետք է հենվի միայն սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական բազային»,- ասել է Ատամբաևը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նախագահը նշել է, որ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ռուսական բազան պետք է դուրս բերվի Ղրղըզստանի տարածքից:
«Իհարկե, դա կարող է ոմանց դուր չգալ, բայց ես կարողացա այդ միտքը հասցնել Ռուսաստանի նախագահին, և նա ինձ հասկացավ»,- ընդգծել է Ատամբաևը:
Կարդացեք նաև
Ղրղըզստանի տարածքում տեղավորված է ռուսական միավորված ռազմաբազան: 2009թ. բազայի տեղակայման պայմանագրի ժամկետը երկարաձգվել է մինչև 49 տարի:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ