Գյումրիում արդեն խորը ձմեռ է ու որքան էլ տեսարանը չքնաղ է, քայլելը հաճելի․օդը գոնե այս պահի դրությամբ մաքուր է (երեկոյան ժամերին այս քաղաքում շնչել չի լինում, ինչ ասես վառում են՝ անվադողեր, շորեր. գյումրեցիներից շատերը հրաժարվել են գազի վառարաններից։ Բազմաթիվ հասցեներ կարող ենք մատնանշել, որ գազաֆիկացված թաղամասերում՝ փող չունենալու պատճառով, մարդիկ չուլուփասալ կամ ցախ են վառում), այդուհանդերձ՝ նկատելի է, որ ձյունը որոշակի անհարմարություններ է ստեղծել փողոցային երթևեկության համար։ Օրինակ՝ Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցի մի մասը մաքրել են, աղ ու ավազ շաղախել, մյուսը՝ ոչ (տես լուսանկարում):
Երեկվա դրությամբ վարորդների համար վտանգավոր էր նաև Գյումրի-Երևան ճանապարհի Լանջիկ-Մարալիկ հատվածը, երեկոյան այդ հատվածում մերկասառույց էր։
Երևանից Գյումրի վերադառնալիս ականատես եղանք, որ մեքենաները մի կերպ էին անցնում, ընդ որում՝ հենց Լանջիկի հատվածը, որը սովորաբար ամենավտանգավորն է, գրեթե միշտ դժվարանցանելի, շատ ավելի լավ վիճակում էր, քան դեպի Մարալիկ տանող հատվածը։
Կարդացեք նաև
Aravot.am-ը Շիրակի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանից հետաքրքրվեց, թե Շիրակի մարզը պատրա՞ստ է ձմռանը ու ի՞նչ է պատճառը, որ Գյումրի-Երևան ճանապարհի մատնանշված հատվածը մաքրված չէ։
Խաչատուր Խնձրցյանն ասաց, որ պայմանավորվածության համաձայն այդ հատվածը պիտի մաքրի Հյուսիս-Հարավ ճանապարհը կառուցող, մրցույթը շահած կազմակերպությունը, թեև պայմանագրային պարտավորություն չկա նրանց հետ, միայն բանավոր պայմանավորվածություն է։
Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ կնախազգուշացնեն «Անիի ճանշին»-ի ղեկավարությանը ուշադիր լինել։ Նա նաև տեղեկացրեց, որ մարզին ճանապարհները ձմռանը մաքրելու համար 116 միլիոն դրամ է հատկացված ու այս պահին մարզում փակ ճանապարհներ չկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ