«Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ հանձնարարում եմ ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը»,- կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նա անդրադարձավ նաև բուժհաստատություններում մատուցվող ծառայությունների որակին ու հանձնարարականներ տվեց: Բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի ու հոգատարության մթնոլորտի ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով առողջապահության նախարարին հանձնարարվեց նախ մշակել և 20-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով կկարգավորվի բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հարաբերությունները:
Իսկ եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ պետք է ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատություններում բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ: «Գնահատման արդյունքների հիման վրա պետք է դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ