Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե ինչու ՀՀԿ համագումարում «You’re my love» պաստառներ չեն բերել

Դեկտեմբեր 01,2016 17:00

Շարմազանովը, Մարուքյանն ու Լեւոն Զուրաբյանը՝ ՀՀԿ-ում գրաքննության, մթնոլորտի եւ դրական փոփոխությունների մասին

Այն, որ կուսակցության համագումարում ձեւի համար մի ձեռնպահ չի լինում, դա լավ բանի մասին չի խոսում: «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ում տիրող մթնոլորտի մասին մեր այս դիտարկմանը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հակադարձեց. «Նորմալ է, ինչի՞: Էդ որ տենց խոսում եք, դուք միջազգային երկրներում՝ Գերմանիայում… Թրամփի համագումարին… Հիլարի Քլինթոնի կողմնակիցները երբ եղել էին այնտեղ, տշելով հանել էին, հիշո՞ւմ եք: Ես 2 անգամ եղել եմ Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության համագումարին, երկու անգամ էլ նկարներոմ Մերկելի՝ «Angy, you՚re my love», ինչ ասես՝ գրել էին, եկել էին՝ ծափահարում էին: Այդտեղ կուսակցության ֆաներն էին, աջակիցներն էին, ոնց որ աշխարհում է դա արվում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մենք այդպես անեինք»:
Մեր դիտարկմանը, որ հիմա գոհ լինենք, որ Սերժ Սարգսյանին «You’re my love» պաստառներով չե՞ն դիմավորել, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Չէ, գոհ չլինեիք, եթե ուզում էիք ծափահարեին Րաֆֆի Հովհաննիսյանին, գնայիք «Ժառանգության» համագումարին: Սա մեր համագումարն է, հավաքված էին ՀՀԿ-ական պատվիրակները, ովքեր վստահում են նախագահ Սարգսյանին, եւ իրենք իրենց երկրի ապագան կապում են բացառապես ՀՀԿ-ի հետ: Շատ նորմալ է, որ պետք է գնահատեին այն արածը: Եթե դուք քննադատություն էիք ուզում, էդ ի՞նչ է, Լեւոն Տեր-Պետրոսյանի համագումարին քննադատում են, հա՞»: Նա վստահեցրեց, որ եթե ՀՀԿ համագումարին «գծից դուրս» ոչինչ չի եղել, պետք չի դրանից զարմանալ. «Ոնց է եվրոպաներում իրենց ճղելով գնում գովում են, Թրամփի կողմնակիցները Քլինթոնի՞ն էին գովում, թե՞ Քլինթոնի կողմնակիցները Թրամփին էին գովում: Մի հատ տեսեք՝ արեւմտյան երկրներում ինչպես է»:

Շարմազանովը չի ընդունում, որ Կոմկուսի հետ են համեմատում ՀՀԿ-ն. «Եթե կարծում էիք, որ ՀՀԿ-ն չուներ 1970 պատվիրակ, որոնք հավատում են եւ միանման են մտածում, ուրեմն չարաչար վատ կարծիքի եք մեր մասին»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հորդորեց չհամեմատվել ՀՀՇ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ. «ՀՀՇ-ում միշտ եղել են ռեալ ընտրություններ: Մարդիկ առաջադրվել են, հետո փակ գաղտնի քվեարկություն է եղել, դրա արդյունքում որոշվել է, թե ով է դառնում վարչության անդամ: Միակ բացառությունը եղել է մեր անցյալ համագումարում, քանի որ դա միավորիչ համագումար էր: Որեւէ համեմատություն հիմք չունի, մեզ մոտ ցուցակ չեն տալիս ու քվեարկում»: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց Թեդ Քրուզի եւ Դոնալդ Թրամփի բախումները, միջազգային բազմաթիվ օրինակներ նշեց:
Սերժ Սարգսյանը համագումարի իր ելույթում նշեց, որ ՀՀԿ-ականները ժամանակ առ ժամանակ չկշռադատված մտքեր են ասում, որոնք հարվածում են ՀՀԿ-ի հեղինակությանը, այդ իսկ պատճառով շուտով ՀՀԿ-ում կստեղծվի հատուկ մարմին, որը ճիշտ շարադրանքը կտա բոլոր կուսակցականներին: Այս առնչությամբ մեր հարցին, որ հիմա մի շարադրանքը բաժանելու եք բոլոր կուսակցականներին, որ նույն բա՞նն ասեն՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Մի շարադրանք չի, փորձագիտական կենտրոն կլինի, որտեղ կլինի мозговой шторм, տարբեր կարծիքներ կեփվեն, եւ այդ կարծիքներից կծնվի ամենաընդհանուր հիմնավոր կարծիքը»:

Մեր զարմանքին, որ ՀՀԿ-ում բոլորը միաձայն պիտի կրկնե՞ն դա, այսինքն՝ դուք բազմակարծությո՞ւնն եք արգելում, նա պատասխանեց. «Ցանկացած կուսակցության մեջ կա կարգապահություն: Բոլորը միաձայն չեն կարող կրկնել, բայց սկզբունքը եթե մեկն է: Բազմակարծությունը հենց դա է: Բազմակարծությունը նա է, երբ քննարկում են ու քննարկման արդյունքում որոշում է լինում: Բազմակարծությունը եւ կուսակցական կարգապահությունը տարբեր բաներ են: Մեր օրենքների քննարկման ժամանակ մինչեւ քվեարկելը բազմակարծություն կա՝ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը տարբեր կարծիքներ կարող են ասել, բայց երբ որ խմբակցությունը եւ կուսակցությունը որոշում է, որ պետք է լինի այսպես, փոքրամասնությունը պարտավոր է ընդունել: Վա՛յ այն կուսակցությանը, որը կարգապահություն չունի: Մենք այս պառլամենտում տեսել ենք ինչպիսի «բազմակարծություն» է, ու ինչպիսի տխուր եւ ողբերգական հետեւանքներ է թողել նույն «Ժառանգության» վրա, որ այսօր անգլուխ ձիավորի նման ֆրակցիայի նախագահ չունի»:
Անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ այսպես մեկնաբանեց ՀՀԿ-ի այդ մոտեցումը. «Կուսակցականների խոսքը գրաքննում են»: Ըստ նրա՝ իրենց գործն է, բայց «կարող են ընդհանրապես արգելել հարցազրույցներ տալ, որ հանկարծ սխալ բաներ չասեն, դա էլ է տարբերակ»:

Մեր հարցին՝ Դուք փոփոխություն նկատո՞ւմ եք ՀՀԿ-ականների պահվածքում, խոսելաձեւում, ինչի մասին խոսում էր Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Կարեւորը՝ մարդկանց ուղեղներում փոփոխություն լինի»:
Էդմոն Մարուքյանը փոփոխություն նույնպես նկատում է. «Հարուստները հարստանում են, աղքատները ավելի են աղքատանում»: Հարցին՝ համաձայն չե՞ք, որ աղքատությունը դինամիկ երեւույթ է, մարդու եկամուտներն ավելացնելը չի կրճատում աղքատությունը, քանի որ կարիքներն են մեծանում՝ պարոն Մարուքյանը պատասխանեց. «Աղքատությունը դինամիկ երեւույթ է, եւ Հայաստանում այն դինամիկ կերպով ավելի է սրվում՝ բացասական առումով: Մենք դինամիկ կերպով մխրճվում ենք ավելի խորը աղքատության մեջ»:
Հարցին՝ Դուք չե՞ք տեսնում այն լավը, որը տեսնում է Սերժ Սարգսյանը՝ ծաղկազարդ փողոցներ, շուրջօրյա էլեկտրամատակարարում, նա պատասխանեց. «Գիտեք, Երեւանի կենտրոնով չէ միայն, կենտրոնից դուրս պետք է նայեք: Մարզերում հետեւողական կերպով համայնքային իշխանությունները ոչնչացրել են կանաչ գոտիները: Ասել, որ փողոցները ասֆալտապատ են, շուրջօրյա լուսավորություն կամ ջրամատակարարում կա, գիտենք, որ 2000-ին ՀՀԿ-ն եկել է իշխանության, այն ժամանակ էլ կար դա, ջրամատակարարումն էլ մեծ վարկային ծրագրի հաշվին է շուրջօրյա դարձել, այն էլ՝ Երեւան քաղաքում, մարզերում դա էլի չկա: Վանաձոր քաղաքի կեսի կեսն է դեռեւս, որ այդ ծրագրով անցել է: Փորձ է արվում պատրանք ստեղծել»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031