ԵՍ դեմ եմ ազգ-բանակ գաղափարին, որը սրբազան, բայց նեղ տիրույթում է: Պետք է հռչակվի ազգ-պետություն-ընտանիք լոզունգը, որտեղ առաջին հերթին պետք է մեղմացվի հասարակության մեջ խիստ արտահայտված հարուստ-աղքատ շերտավորումը: Աղքատությունը պետք է իսպառ վերացվի երկրում: Պարզապես հայը աղքատ լինել չի կարող, սա մեր ամենամեծ ձախողումն է: Պետք է ձեւավորվի հզոր միջին խավը: Կրկին հայտնվել ենք պատմական փոփոխությունների թոհուբոհում` իսլամական պետության հարեւանություն, անկայուն Թուրքիա, հակառակորդ Ադրբեջան, ռուս-թուրք-ադրբեջանական շահեր: Ունենք թույլ տնտեսություն, շրջափակված ենք: Մենք կփրկվենք համախմբելով հասարակության բոլոր ուժերը ազնվության հենքի վրա, որը ըստ իս` ամենահզոր զենքից էլ հզոր կլինի: Այն կհանդիսանա մեր թռիչքն ապահովող ատոմային ռեակտորը: Մի քանի հաջողված պաշտոնյաներով թռիչք չենք ունենա: Մենք անդունդի եզրին ենք, իսկ այն շրջանցելու ուրիշ ոչ մի ձեւ էլ չկա` թռիչքից բացի:
Դրա համար պետք է սկսել ազգային հերոսի կերպարից: Անբասիր հերոսի կերպարը պետք է պաշտպանվի օրենքով:
Պետք է քաղաքական գնահատական տրվի երկու նախագահների ժամանակաշրջաններին, վատը քննադատվի, լավը գովաբանվի:
Պետք է երկրին վերադարձվի գողացվածը, թալանվածը` առանց քրեական պատժի, քանի որ իրավիճակային հանցագործություն է դա եւ ունի համընդհանուր բնույթ:
Մեր վերջին երկու կառավարությունները աշխատել են լավ, բայց դանակը հասել է ոսկորին: Սա նոնսենս է, կատարյալ անհեթեթություն:
Պետք է առերեսվել հարյուր տարվա վաղեմության սեփական պատմությանը: Ինչու մեզ հետ կատարվեց այդ ամոթալի նախճիրը: Լացուկոծ անելու փոխարեն պետք է հասկանալ մեր սխալը, այլապես պատմությունը կրկնվելու տրամաբանություն ունի պատմական դասեր չունեցողների համար: Ազգային կուսակցությունները եւ եկեղեցին պետք է հանդես գան ինքնաքննադատությամբ, պետք է ինքնամաքրվեն: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է ի ցույց աշխարհին բարենորոգել կրոնական դոկտրինան, ընդունել նոր մոտեցումներ` ելնելով արդի զարգացման միտումներից: Մեր եկեղեցին անդրդվելի է: Այն պետք է ձերբազատվի թեոլոգիայի կեղծ, անտրամաբանական տարրերից, դրամ՝ հոգեւոր ծառայության դիմաց խայտառակությունից, եւ առհասարակ այն ֆունդամենտալ ռեֆորմացիայի կարիք ունի:
Կարդացեք նաև
Գերմանիայի Դաշնության առաջին նախագահ Յոահիմ Գաուկը իր երկրի, ժողովրդի անունից կարող է ներողություն հայցել մեզանից Ցեղասպանության հարցում մեղավոր լինելու համար, իսկ մեր կուսակցությունները եւ հոգեւոր դասը մեղք չունեն, որ ժողովուրդը անպաշտպան հայտնվեց գազանի երախում: Ինքնամաքրումը հիմք է ստեղծում զարգացման համար:
Ազգ-բանակ չի նշանակում 1000 դրամի համար մտնել քաղաքացու գրպանը, այլ նշանակում է մերթընդմերթ զոհվող հայորդիների համար գոնե ապահովել սգի որոշակի պարամետրեր: Փոքրիկ երկրում չի կարող լինել այդպիսի հակապատկեր` միաժամանակ ցոփ, շվայտ տոնակատարություններ եւ ժողովրդի անդորրն ապահովող սահմանապահ զինվորի աննկատ մահ: Բազում բացթողումների, անարդարությունների պայմաններում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորին տրվող թեկուզեւ մեծ գումարը արդյունավետ լինել չի կարող: Պետք է ստեղծվի ռազմահայրենասիրական միջավայր, մթնոլորտ, որտեղ մարդու կազմության մոլեկուլները կվերադասավորվեն ցանկալի ուղղությամբ, այլ կերպ ասած` դա վստահության եւ հավատի վիճակն է, որին մարդը հասնում է զգալով: Այդ դեպքում մենք կունենանք նպատակային կյանք` ապրել, գործել, հաղթահարել ի շահ երկրի, հայրենիքի եւ մեռնել հանուն նրա: Թե չէ՝ հատուկ տաղանդ հարկավոր չէ ժողովրդին խաբելու համար, քանի որ ամենահեշտը մեռնողին խաբելն է, որովհետեւ նա շատ է ուզում ապրել:
ԱՇՈՏ ԱԲԵԼՅԱՆ
«Առավոտ»
30.11..2016