Մշակույթի նախարարության «Գրքի եւ հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Վաչե Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունները նոր են սկսվում, եւ շատ մեծ քայլեր պետք է արվեն՝ միտված գրողի եւ գրքի իրական արժեքի բարձրացմանը՝ համախմբելով բոլորի ջանքերը։ Նորանշանակ տնօրենը համաձայն չէ, որ այս փոփոխությունը ոչ թե կկանոնակարգի դաշտը, այլ կվերածի քաոսի։
Ըստ նրա, այսուհետ շատ ավելի թափանցիկ ու պարզ է լինելու դաշտը՝ օգտակար գրքի եւ գրողի համար՝ մատուցման, հանրային ճանաչման, գրողի խրախուսման, ինչպես նաեւ սոցիալական վիճակի բարելավման տեսանկյունից. «Հիմա, անշուշտ, խոսակցություններ կպտտվեն ու կթեւածեն, պարզ է նաեւ մարդկանց անհանգստությունը, բայց այդպես ուռճացնել բոլորովին պետք չէ, շատ շուտով՝ առավելագույնը մի քանի ամսվա ընթացքում, հստակ կներկայացվի խնդիրը, եւ այս դաշտի բոլոր իրական գործող անձինք՝ գրող, հրատարակիչ, հասարակություն, ընթերցող, իրապես գոհ կլինեն եւ արդյունքներն էլ կտեսնեն»։
Այն հարցին, թե մտահոգություններ կան, որ ներկայիս պետպատվերի եւ պետաջակցման ծրագրի դեպքում ժամանակակից գրականությունն ու գրողները կհայտնվեն լուսանցքում, պատասխանում է. «Ընդհակառակը՝ ժամանակակից ազնիվ գրողները շատ ավելի ուշադրության կենտրոնում կլինեն՝ սկսած գրքերի նախապատրաստումից, նաեւ գովազդային ճանաչողական քայլեր կարվեն գրքի եւ գրողի նկատմամբ, տպագրությունից հետո էլ իրենց գրքերը լայնորեն կլուսաբանվեն, կներկայացվեն տարբեր տոնավաճառներով, իրացման խնդիրներին աջակցություն կլինի»։
Սարգսյանը կարծում է, որ նաեւ հրատարակիչները պետք է որոշակի ռիսկի գնան՝ տպագրելով ժամանակակից հայ հեղինակների գրքերը. «Բայց վստահ լինելով, որ արժանավոր գրողի են տպագրում, ընթերցողի համար էլ՝ որակյալ գիրք, որն էլ մենք օգնելու ենք լուսաբանել, կայացնել, ստեղծել մթնոլորտ գրքի եւ գրողի շուրջ, դրանից հետո դրամաշնորհներով, տարբեր խրախուսանքներով թե հրատարակչի, թե գրողի որոշակի ֆինանսական անհանգստությունները կթոթափենք»։
Այն, որ այս փոփոխության արդյունքում հնարավոր է գրահրատարակչական ոլորտը հայտնվի մի քանի հրատարակիչների ձեռքում՝ մրցակցությունից դուրս թողնելով ավելի փոքրերին, ապա իրենց խնդիրներից մեկն էլ հենց դա է լինելու, որ նման իրավիճակ չստեղծվի։ «Դրա համար բավականին լուծումներ, լծակներ եւ հնարավորություններ կան»,- ասում է Վաչե Սարգսյանը:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Լուսանկարը՝ ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից