Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱ

Դեկտեմբեր 01,2016 15:30

ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Մաս 1.

Մաս 2.

Մաս 2.

Քաղաքական կոռուպցիայի հայկական իրականությունը

4.
Ընտրական կոռուպցիան
համակարգի մաշկն է

2011թ. Wikileaks կայքը «գաղտնազերծեց ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի` 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակը: Փենինգթոնը նշում է, որ ՀՀ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ դեսպանատուն` իր տանը շտապ առանձնազրույց կազմակերպելու խնդրանքով»: 2008թ. ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը ՍԴ-ում վիճարկում էր ընտրությունների արդյունքները՝ դրանք չեղյալ համարելու պահանջով: Պողոսյանը պնդում էր, որ «նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն իսկ որոշում է կայացրել, համաձայն որի՝ մարտի 8-ին կայանալիք ՍԴ լսումները պետք է ավարտվեն Տեր-Պետրոսյանի բողոքի դեմ վճիռ կայացնելով: Պողոսյանը հայտնել է, որ մարտի 4-ի ուշ երեկոյան` բողոքի լսումների առաջին նիստի նախօրեին, անհայտ մեկը զանգահարել է իրեն եւ նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից (Արմեն Գեւորգյան) կանչել է նախագահական»: Ըստ Պողոսյանի՝ ՍԴ նվազագույնը երեք անդամներ նման զանգեր են ստացել: Պողոսյանը նախագահականից կատարվող ճնշումների հարցը բարձրացրել է իր գործընկերների շրջանում, սակայն իր բողոքները «անուշադրության են մատնել»: Պողոսյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանում այժմ բացարձակ բռնապետություն» է տիրում», որտեղ անհնար է խնդիրներն օրինական ճանապարհով լուծել»8:

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր հերթին, նման վարքագիծ է դրսեւորել 1996թ. ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքում ՍԴ-ում ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման ժամանակ, երբ ՍԴ-ն, անտեսելով բազմահատոր գործը, անփոփոխ է թողել կոպտորեն կեղծված ընտրությունների արդյունքները:

Ի բացառյալ 1991թ. ՀՀ նախագահի 1-ին ընտրությունների, մնացյալ չորսի դեպքում ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ իշխանության թեկնածուի: 1996, 2003, 2008, 2013 թթ. ՀՀ նախագահի ընտրություններում ընդդիմադիր թեկնածուներից եւ ոչ մեկը, ըստ ԿԸՀ տվյալների, չի դարձել ՀՀ նախագահ: Իշխանության թեկնածուները բռնությամբ միշտ զավթել են իշխանությունը:

Նույն իրավիճակում են կայացել նաեւ 1995, 1999, 2003, 2007, 20012թթ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները, երբ իշխանությունը կամ իշխանական դաշինքները խորհրդարանում կազմել են հարաբերական, կայուն, որակյալ կամ բացարձակ մեծամասնություն:

Բացի ընտրական կոռուպցիայից, որը քաղաքական կոռուպցիայի հիմքն է, հայկական քաղաքական կոռուպցիան այլ դրսեւորումներ եւս ունի: Դրանք են՝
1) Ընտրություններից հետո ՀՀԿ-ի շուրջ ձեւավորվող կառավարական կոալիցիաները հետեւանք են քաղաքական առեւտրի՝ ի շահ քաղաքական պետական պաշտոնների:
2) Այժմ Հանրապետական կուսակցությունը ՀՀ քաղաքական դաշտում իր ֆինանսական հնարավորություններով, պետական համակարգի զանգվածային հանրապետականացմամբ քաղաքական մենաշնորհի է տիրապետում: Ըստ ԱՄՆ Պետքարտուղարության 2015թ. զեկույցի՝ «Տարվա ընթացքում մարդու իրավունքների ամենանշանակալի խնդիրներն են եղել ՀՀԿ-ի գերակա իշխանությունը պահպանելու համար՝ պաշտոնյաների կողմից կառավարական ռեսուրսների օգտագործումը, աջակիցներին հարստացնելու եւ իրավապահպան ու դատական համակարգերը կոռումպացնելու նպատակով՝ երկրի տնտեսական վերնախավի կողմից տնտեսական եւ քաղաքական իշխանության օգտագործումը, ինչպես նաեւ դատական համակարգի անկախության սահմանափակումը»9:

3) Ըստ Transparency international-ի «Կոռուպցիան եւ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում. ընդհանուր իրավիճակի նկարագիր. 2013թ.» զեկույցի՝ «Հայաստանում կոռուպցիային առնչվող ամենակարեւոր հարցերից մեկը քաղաքական եւ բիզնես վերնախավերի սերտաճումն է, որը խորացնում է խոշոր կոռուպցիայի երեւույթի վտանգը: Թեպետ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորներին արգելվում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ արգելքը հաճախ անտեսվում է (Միջազգային ճգնաժամային խումբ 2012)»10:

4) Ըստ նույն զեկույցի՝ «Իշխանություն ունեցող պաշտոնյաները կամ քաղաքական գործիչները հաճախ ղեկավարում են մասնավոր ընկերություններ թաքնված գործընկերությունների կամ հարազատների միջոցով (ԱՄՆ Պետքարտուղարություն 2012ա): Մասնավոր ձեռնարկության եւ պետական հիմնարկի միջեւ հստակ տարանջատման բացակայությունը տեղիք է տալիս խոշոր մանիպուլյացիայի պետական գնումներում (Ֆրիդոմ Հաուս 2013 ա)»11:

5) Գործարար պատգամավորների գործունեությունը ԱԺ-ում երբեմն առաջ է բերում նաեւ շահերի ակնհայտ բախում ընդունվող օրինագծերի եւ նրանց գործարար շահերի միջեւ: Նրանցից եւ ոչ մեկը չի հրաժարվել քվեարկությունից՝ մատնանշելով շահերի բախումը:
Քաղաքական կոռուպցիան Հայաստանում դարձել է համակարգի մաշկը: Իսկ մաշկազերծ լինել ոչ ոք չի պատրաստվում:

Շարունակելի

* Հոդվածը՝ հատուկ www. hetq.am կայքի համար, ամբողջությամբ տեղադրվել է այնտեղ:

 

 


 

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031