Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժմասնագետների համար քրեակատարողական ոլորտը հրապուրիչ չի համարվում

Դեկտեմբեր 01,2016 15:00

«Վերջին երկու տարիների ընթացքում (2014-2015թթ.) ազատությունից զրկված
անձանց իրավունքների ապահովման ոլորտում նկատելի էին պետական քաղաքականության մակարդակով ձեռնարկված ջանքերը: Չնայած այդ հանգամանքին՝ քաղաքականության իրագործման մակարդակում ՔԿՀ-ներում 2015թ. ավարտին վերը նշված խնդրահարույց ոլորտներում ցայտուն փոփոխություններ դեռեւս տեղի չեն ունեցել:

Դա պայմանավորված է նրանով, որ այս ոլորտը խորհրդային համակարգի փլուզումից ի վեր չի ենթարկվել լուրջ եւ համակարգված փոփոխությունների»,- երեկ նշվեց «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի գործունեության հաշվետվության ժամանակ: Հաշվետվությունը ընդգրկում էր 2014-2015թթ. ժամանակահատվածը:
Ըստ դիտորդական խմբի, 2014-2015թթ. դիտարկումների արդյունքում վերհանված խնդիրներից էին. պահման պայմանները, ՔԿՀ-ների գերբեռնվածությունը, բուժսպասարկման մատչելիությունը եւ որակը, սննդի որակը եւ օգտակարությունը, անկախ հանձնաժողովի գործելաոճը, օրենքների եւ ենթաօրենսդրական ակտերի բացերը, հակասությունները եւ թերի կարգավորումները, խորհրդային տարիներին բնորոշ գործելաոճը եւ քրեական ենթամշակույթը, եւ՝ կոռուպցիայի դրսեւորումները:

Դիտորդները բարձրաձայնում էին. «Շարունակում է լուրջ խնդիր հանդիսանալ այն, որ դեռեւս չեն գործում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքերով պատժի հետագա կրումից ազատելու, ինչպես նաեւ՝ մի ուղղիչ հիմնարկից մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող մեկ այլ ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ինստիտուտները: Անկախ հանձնաժողովի աշխատանքում որեւէ դրական փոփոխություն չի նկատվում, ավելին՝ դիտարկելով վիճակագրությունը, պարզ է դառնում, որ այս ինստիտուտն ավելի անմատչելի է դառնում հասարակ ազատազրկված 1 անձի համար եւ պայմանական վաղաժամկետ ազատվող դատապարտյալների թիվը գնալով էլ ավելի է փոքրանում»:

Առանձին անդրադարձ եղավ քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման մատչելիությանը եւ որակին. «Այս խնդիրը խնդրահարույց է, քանի որ կա որակյալ մասնագետների պակաս. այդպիսի մասնագետների համար այս ոլորտը հրապուրիչ չի համարվում, եւ որոշումներ կայացնելիս ՔԿՀ-ների բուժանձնակազմի կախվածությունը հիմնարկի ադմինիստրացիայից, դեղամիջոցների ոչ ճիշտ բաշխումը, բժշկական ենթակառույցների նյութատեխնիկական ոչ բավարար հագեցվածությունը, բժշկական աջակցության տրամադրելու վերաբերյալ որոշումների կայացման հապաղումը բուժանձնակազմի եւ հիմնարկի այլ ստորաբաժանումների կողմից»:

2014-2015թթ. ընթացքում վերահսկողություն իրականացնող խումբը բազմաթիվ այցելություններ է կատարել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներ. «Այցելությունների գերակշռող մասը կատարվել է ստացված ահազանգերի հիման վրա, որոնց հիմնական մասը եղել է բուժսպասարկման, վաղաժամկետ ազատման, վերաբերմունքի, քրեական գործերի եւ արդարադատության իրականացման վերաբերյալ դժգոհությունների պատճառով ինքնավնասումների եւ հացադուլների հետ կապված»:

Ի դեպ, նշյալ ժամանակահատվածում, խումբը ստացել է 326 ահազանգ (2014թ.՝ 190 ահազանգ, 2015թ.՝ 136 ահազանգ): Նույն ժամանակահատվածում տարբեր հիմնարկներին եւ մարմիններին ուղղվել է 143 գրություն (2014թ.՝ 68 գրություն, 2015թ.՝ 75 գրություն), որոնք վերաբերել են քրեակատարողական հիմնարկների իրավիճակին, կալանավորված անձանց եւ դատապարտյալների իրավունքների խախտումներին: Ուղարկվել է 23 հրատապ (2014թ.՝ 11, 2015թ.՝ 12) եւ 25 ընթացիկ (2014թ.՝ 8, 2015թ.՝ 17) հաշվետվություն: Հաշվետվությունները վերաբերել են քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց իրավունքների այնպիսի խախտումներին, որոնք կարիք են ունեցել հրատապ արձագանքման:

Ինչ վերաբերում էր հասարակական վերահսկողություն իրականացնող խմբի դեմ ուղղված խոչընդոտներին, ապա նշվեց, որ խումբը սկսել է պարբերաբար հանդիպել ՀՀ ԱՆ եւ ՀՀ ԱՆ ՔԿՎ աշխատակիցների հետ՝ արձանագրված խնդիրների լուծման եւ հետագայում նմանատիպ խնդիրների կանխարգելման նպատակով: Արդյունքում՝ հնարավոր դարձավ ավելի արագ արձագանքել ՔԿՀ-ներում բացահայտված խնդիրներին եւ լուծում տալ դրանց: Պլանային այցերի ժամանակ ՀՀ ողջ տարածքում գտնվող բոլոր ՔԿՀ-ներում դիտարկվել է ընդամենը 103 խուց եւ/կամ կացարան, որոնց բարվոքության վիճակը դիտորդների կողմից գնահատվել է 12.6%-ի դեպքում՝ գերազանց, 33.0%-ի դեպքում` բարվոք, 46.6%-ի դեպքում՝ միջին, 5.8%-ի դեպքում՝ ոչ բարվոք, իսկ 1.9%-ի դեպքում՝ վթարային: 2015թ. սկզբին «Կոշ» ՔԿՀ-ում առկա էր ջրամատակարարման խնդիր. ջուրը մատակարարվում էր գրաֆիկով, հավաքվում հատուկ տարաներում (բաքերում) եւ գրաֆիկով բաշխվում հանրակացարանների միջեւ: Զուգարանները գտնվում են հանրակացարաններից դուրս, ինչը մեծ խնդիր է` հատկապես ձմռանը տարեց անձանց համար: Բնական լուսավորության մակարդակը 76.2%-ում գնահատվել է բավարար, այսինքն՝ կարելի է կարդալ առանց էլեկտրական լուսավորության, իսկ 23.8%-ի դեպքում՝ թույլ, այսինքն՝ հնարավոր չէ կարդալ առանց էլ. լուսավորության:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031