Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսպանական օրագիր

Դեկտեմբեր 01,2016 14:30

Իսպանիան երկրորդ ամենամեծ երկիրն է Արեւմտյան Եվրոպայում: Հայերի թիվը, ըստ Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպանության կայքի, շուրջ 40 000 է:
Այս երկրում շատ են ներգաղթյալները, թեեւ մեծ մասշտաբի արտագաղթ եւս կա: Երիտասարդությունը փորձում է բախտ որոնել երկրի սահմաններից դուրս:
Բարսելոնայում եւ Մադրիդում ավելի հաճախ հանդիպեցինք աֆրիկացիների եւ լատինաամերիկացիների: Վերջիններիս համար Իսպանիան կատարյալ վայր է հարմար աշխատանքի ու այսպես կոչված՝ «խոպանի» առումով, որովհետեւ լեզվական խոչընդոտ չկա, իրենք եւս իսպանախոս են:

Իսպանական մշակույթը հունահռոմեական արմատներ ունի, ռոմանական եւ գոթական ճարտարապետական ոճերը այստեղ երբեմն միախառնված են արաբականի հետ: Իսպանական երաժշտությունը օտարների կողմից հաճախ նույնացվում է ֆլամենկոյի ու հանրահայտ կիթառահար Պակո դե Լյուսիայի հետ:

ispania_2

Մադրիդում ՀՀ դեսպանատան շենքը

Իմիջիայլոց, ակումբներ կան, որ ֆլամենկո մատուցելուց առաջ ունկնդրին ծանոթացնում են վերջինիս պատմությանը, ավանդույթներին, սովորեցնում պարել ու անպայման զգուշացնում. «Երբեք չասեք բրավո, միմիայն՝ օլե»:

Շատ հաստատություններում, մասնավորապես՝ սպասարկման ոլորտի, համարյա անգլերեն չեն խոսում ու հատուկ շեշտում են՝ «Նո ինգլես»:

Մայրաքաղաք Մադրիդից հետո Իսպանիայի երկրորդ խոշոր քաղաքը Բարսելոնան է, այստեղ են գտնվում շքեղագույն «Սուրբ ընտանիքի» տաճարը՝ Սագրադա Ֆամիլիան, Անտոնի Գաուդիյի եւ Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական այլ աշխատանքներ եւս, որոնք բոլորն էլ ներառված են ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:

Բարսելոնան հզորագույն զբոսաշրջային կենտրոն է եւ գիտի հավուր պատշաճի մատուցել իր հրաշալիքները:

Ինչ վերաբերում է Սագրադա Ֆամիլիային, այն 2010թ. անձամբ Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն է պաշտոնապես օծել: Բարսելոնան չքնող քաղաք է, մարդկային հոսքը երբեք չի դադարում, գլխավոր փողոցն էլ La Rambla-ն է, որը որքան գեղեցիկ է, նույնքան էլ վտանգավոր զբոսաշրջիկների համար, քանի որ անզգույշ լինելու դեպքում կարող են թռցնել պայուսակդ կամ դրամապանակդ: Բարսելոնայի այցեքարտերից մեկն էլ «Կամպ նոու» մարզադաշտն է:

ispania_3

Սագրադա ֆամիլիա

Քաղաքի գոթական թաղամասը եւս գունեղ է՝ գեղեցիկ ճարտարապետություն, լույսերի ծով, փողոցային երաժիշտներ:

Իսպանիայում է գտնվում նաեւ Մոնսերատ (թարգմանաբար՝ կտրտված լեռներ) լեռնաշղթան: Սա մի վայր է, որտեղ միմյանց փոխլրացնում են մշակույթի ու բնության հուշարձանները:

ispania_4

Մոնսերատ

Մոնսերատում տեղակայված է 1025թ. հիմնադրված համանուն տաճարը: Մենաստանի թանգարանային հատվածում շատերը գալիս են խոնարհվելու 12-րդ դարի Տիրամոր արձանի առաջ՝ հուսալով իրականացնել իրենց երազանքները: Թուխ գույնի համար 95 սանտիմետրանոց այս արձանը անվանում են «Սեւ Տիրամայր»: Մոնսերատ Բենեդիկտյան մենաստանը Կատալոնիայի հոգեւոր խորհրդանիշներից է եւ ամբողջ աշխարհի կաթոլիկների ուխտագնացության կենտրոններից մեկը: Իմիջիայլոց, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւս ժամանակին այցելել էր «Սեւ Տիրամորը» կամ «թխահերիկին», ինչպես նրան անվանում են կատալոնացիները:

Եվրոպայի ամենահայտնի շուկաներից մեկը՝ Լա Բոկերիան, իր թարմ ծովամթերքով եւ անուշահամ ուտելիքներով, նույնպես Բարսելոնայում է:

Բարսելոնայի ամենաբարձր հատվածն էլ Տիբիդաբոյի սարերն են՝ 512 մ: Տիբիդաբո թարգմանաբար նշանակում է՝ «քեզ կտամ»:

ispania_1

Տիբիդաբո

Տիբիդաբո սարի գագաթին Սուրբ սրտի տաճարն է՝ ձեռքերը տարածած Հիսուսի արձանով, որը զբոսաշրջիկների սիրելի վայրերից է:
Մայրաքաղաք Մադրիդն էլ համարվում է միապետ Ֆելիպե VI-ի նստավայրը: Ասում են տեղի հանրային հեռուստատեսությունը շաբաթական մի քանի ժամ հատկացնում է թագավորական ընտանիքի կենցաղն ու անցուդարձը լուսաբանելուն, ինչը առաջացնում է հարկատուների զայրույթը, քանի որ նրանք դեմ են ավելորդ ծախսերին, քանի որ տնտեսական ճգնաժամը երկրի թիվ 1 խնդիրն է:

ispania_6

«Սեւ» Տիրամայրը

Ի տարբերություն Երեւանի, ժամանակակից կառույցների կողքին Մադրիդում պահպանվել են նաեւ հնամյա շենք-շինությունները՝ Մադրիդի թագավորական պալատը, Տեատրո Ռեալը (թագավորական թատրոնը)՝ իր 1850 թվականին վերանորոգված Օպերայի տան հետ, 1631թ. հիմնադրված Բուեն Ռետիրո այգին, 19-րդ դարի ազգային գրադարանը, Ազգային հնագիտական թանգարանը եւ այլն:

ispania_7

Պրադո թանգարան

Մադրիդի հպարտությունն ու պարծանքը, հիրավի, Պրադոն է, որը համարվում է աշխարհի ամենահարուստ թանգարաններից մեկը: Վերջինիս հիմքում Իսպանիայի թագավորների հավաքածուներն են: Այստեղ պահվում են այնպիսի վարպետների գործեր, որոնց թվում են՝ Գոյան, Բոտիչելլին, Կարավաջիոն, Ռեմբրանդտը, Դյուրերը:
Պրադո թանգարանն ընդգրկում է ավելի քան 8000 գեղանկար, գրաֆիկական աշխատանքներ, մեդալիոններ, դեկորատիվ արվեստի նմուշներ եւ ավելի քան 700 քանդակ:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Երեւան-Բարսելոնա-Մադրիդ-Երեւան

 

«Առավոտ»

30.11..2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031