ԱՄՆ-ի Սպիտակ տունը մերժել է նախագահի պաշտոնում ընտրված Դոնալդ Թրամփի այն առաջարկը, ըստ որի քաղաքացիությունից պիտի զրկվեն կամ մեկ տարի ժամկետով ազատազրկվեն այն բոլոր անձինք, ովքեր կայրեն ամերիկյան դրոշը։ Դեռեւս 1989 թվականին էր ԱՄՆ-ի Գերագույն դատարանը կայացրել որոշում այն մասին, որ Սահմանադրությունը մարդկանց չի զրկում դրոշ այրելու իրավունքից՝ այն համարելով խոսքի ազատության դրսեւորում։ Ժողովրդականություն չվայելող պատերազմների եւ վիճահարույց այլ հարցերի շուրջ իրենց վրդովմունքն ու բողոքն արտահայտելու համար ԱՄՆ-ում ցուցարարները հաճախ են այրել ամերիկյան դրոշներ։ Ամերիկացիներից շատերն են ազգային ամենակարեւոր այս խորհրդանշի այրումը համարում պղծում։
Հատկապես զինված ուժերի ներկայացուցիչներն են ցուցաբերում ամենաանհանդուրժողական մոտեցումը՝ այրման փաստը համարելով ամերիկացի զինվորականների զոհողությունների նկատմամբ հարգանքի պակաս։ Սպիտակ տան խոսնակ Ջոշ Ըրնեսթի խոսքերով սակայն. ՝՝Մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն ոչ միայն այն դեպքում, երբ համաձայն ենք նրանց հետ, այլ նաեւ այն դեպքերում, երբ նրանց արարքները համարում ենք վիրավորական։ Մենք ունենք ամենայն զգոնությամբ այն բոլոր իրավունքները պաշտպանելու պատասխանատվություն, որոնք մեզ է տրված Սահմանադրությամբ։ Դեռեւս պարզ չէ, թե որն է եղել ամերիկյան դրոշն այրելու դեպքում մարդկանց խստորեն պատժելու մասին ՝՝Թվիթեր՛՛-ի իր էջում Դոնալդ Թրամփի կողմից արված հայտարարության դրդապատճառը, սակայն քաղաքական վերլուծաբան Քլաուս Լարրեսի խոսքերով եւս, պատիժ սահմանելը ճիշտ գաղափար չէ։
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում