Լրահոս
Օրվա լրահոսը

Լինել «առաջին համարը»

Դեկտեմբեր 01,2016 10:09

«Ե՞ս: Ցուցակում լինեմ երկրորդ տեղո՞ւմ: Ե՞ս: Այն մարդը, որը…»: Խոսքը, ինչպես հասկանում եք, նախընտրական կուսակցական կամ «դաշինքային» ցուցակների մասին է: Մարդկանց ընդհանրապես հատուկ է ձգտումը որեւէ ցուցակում լինել առաջին տեղում. դա ինքնահաստատման ձեւ է կամ «հաջողության» դրսեւորում: Փոքրաթիվ ազգերի, գավառական ընկալումների եւ չձեւավորված քաղաքական համակարգի դեպքում՝ առավել եւս:

Լինել «առաջին համարը» քաղաքական միավորման մեջ՝ նշանակում է իր ձեռքում պահել «քսակը» եւ «պեչատը», ինչ-որ մարդկանց մոտեցնել (նաեւ նույն ցուցակում), ինչ-որ մարդկանց հեռացնել, գնալ հեռուստատեսություններ եւ դժվար քողարկված հաճույքով լսել «նախագահ», «դաշինքի ղեկավար» տիտղոսները՝ իր անվան կողքին: Այդ ունայն, սնամեջ նպատակների համար մարդիկ շատ բան են պատրաստ զոհաբերել: Ոչ միայն փողը: Շուտով մենք կլսենք՝ «ինձ Պողոսենք ուզում էին 5-րդ տեղ քցեին, ես էլ նեղացա ու գնացի Պետրոսենց մոտ»:

Մենք արդարացիորեն քննադատում ենք ՀՀԿ 16-րդ համագումարը, որից ակնհայտորեն «Սովետի հոտ էր գալիս». բացի նախագահից՝ որեւէ պատվիրակ չխոսեց Հայաստանի առջեւ կանգնած լրջագույն խնդիրների մասին՝ մեծամասնությունը կարդում էր նախօրոք պատրաստված փառաբանական տեքստերը: Բայց եկեք հիշենք մի շարք այլ կուսակցությունների համագումարները. մի՞թե այնտեղ խոսվում է իրենց քաղաքական ուժի սխալների եւ բացթողումների մասին, մի՞թե այնտեղ ձոներ չեն հնչում առաջին դեմքի հասցեին: Մարդիկ նաեւ դրա համար են ձգտում լինել «առաջին համարը»՝ հաճելի է լսել, թե որքան իմաստուն ես դու:

Քաղաքական կյանքի նման «դրվածքը» հնարավոր է հասարակության ծայրահեղ ինֆանտիլիզմի պարագայում: Երեկ ինձ մի մարդ էր մոտեցել եւ հարցնում էր՝ ճի՞շտ է, որ Մոուրինյոն թուրքերից փող է վերցրել, որ Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ չթողնի: Իրականում, երբ մարդիկ փողոցում ինձ բան են հարցնում, դա ամենեւին էլ հարց չէ՝ դա համոզմունք է, «ստույգ տեղեկություն», որը ձեւակերպված է հարցի տեսքով: Որովհետեւ իմ զրուցակիցը Մոուրինյոյի կաշառք ստանալու լուրը «լիքը մարդուց է լսել»: Երբ դրա մասին գրեցի Ֆեյսբուքում, շատերը սկսեցին այդ հարցը լրջորեն քննարկել:
Քաղաքական գործիչներն ընդամենը կատարողներ են: Պատվիրատուն մենք ենք՝ հասարակությունը:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    ՝Քաղաքական գործիչներն ընդամենը կատարողներ են: Պատվիրատուն մենք ենք՝ հասարակությունը:՝

    Ասում են, որքան հզոր է ծրագրավորողի մակարդակը, այնքան նա իր ծրագրերում հաշվի է առնում այդ ծրագրերից օգտվողի անմակարդակությունը, հիմար սխալ քայլերը ու ապահովում ծրագրի անսխալ օգտագործումը:
    Հեռավոր Արեւմուտքի ամենահզոր երկրի վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ նրանց ընտրական համակարգը շատ ավելի արդյունավետ է, որն արտահայտվում է նրանով, որ այն հաշվի է առնում անմակարդակ ընտրողի հիմար սխալ ընտրությունը ու ապահովում համեմատաբար անսխալ ընտրություն:
    Եթե ընտրական համակարգը լինի արդյունավետ, դա քիչ է, պետք է որ մակարդակով մարդիկ հայրենասիրություն ցուցաբերեն ոչ միայն հոգու խորքում, այլեւ գործով՝ դառնալով քաղաքական ու պետական գործիչ կամ էլ առաջ քաշեն իրենց մարդկանց: Նրա՛նք պետք է կռիվ տան անմակարդակների դեմ ու մաքրեն քաղաքական ու պետական դաշտը մոլախոտերից:

  2. Ruben says:

    Ո՞վ է կամավոր ցանկանում լինել «առաջին համարը»:
    Ստեղծեք հերթական փոխարինող՝ կրկնորդ՝ «դուբլյոռ» կրոնակուսակցական միավորը (հհշկ-ի փոխնորդ հհկ-ի նման), կառավարության (պետական) եւ կենտրոնական բանկի պարտքը փաթաթեք ձեր պարանոցին, վերջին նախագահին տվեք ազգային հերոսի կոչում եւ ճանապարհեք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երկրորդ նախագահին ներեք պետական դավաճանությանը հավասարազոր գործողությունների համար, առաջին նախագահըից (Օգոստոսի 4, 1990թ., ՀԽՍՀ Գերագույն խորհրդի Նախագահ) չպահանջեք ՀԽՍՀ եւ ՀՀ պետական ֆոնդերը եւ ակտիվները վերադարձնել կամ տեղը ասել…
    Եւ «քսակ» եւ «պեչատը» կլինի ձերը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031