Լրահոս
Օրվա լրահոսը

Ջրագնդակը Հայաստանում մի կերպ գոյատեւում է

Դեկտեմբեր 01,2016 14:00

Օրերս անցկացված ջրագնդակի Հայաստանի առաջնության ավարտից հետո Ջրագնդակի հայկական դաշնության նախագահ Ռուբեն Հակոբյանը «Առավոտին» ասաց, որ ներկայիս պայմաններում, երբ դաշնությունն այս տարի ֆինանսավորում չի ստացել, չորս թիմի մասնակցությունն արդեն իսկ բավարար է: Նա միեւնույն ժամանակ կարեւորեց, որ մարզաձեւով զբաղվող պատանիներ եւ երիտասարդներ դեռ կան: Զրույցում շոշափվեցին մարզաձեւի ներկայիս վիճակի եւ ապագայի հետ առնչվող խնդիրներ:

– Պարոն Հակոբյան, փաստորեն, ջրագնդակը Հայաստանում մի կերպ գոյատեւո՞ւմ է:
– Ես այդքան խիստ չէի ասի: Պատանիների ու երիտասարդների մեջ ունենք լավ «հումք», որոնց հետ աշխատել է հարկավոր: Իսկ դրա համար պետք են պայմաններ՝ լողավազաններ, որտեղ գործեն խմբեր, գումար եւ մասնագետներ: Օրինակ, Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում մի քանի լողավազաններ կան, որտեղ զբաղվում են ջրագնդակով: Բայց, ի տարբերություն Երեւանի, մյուս քաղաքներում ու մարզերում լողավազանները աշխատում են սեզոնային. գարնանից՝ աշուն: Ձմռանը դրանք փակվում են ջեռուցել չկարողանալու պատճառով: Հետեւաբար, այստեղ մասսայականության, առավել եւս, մարզական առաջընթացի մասին ավելորդ է անգամ խոսել: Մարզիկն արդյունք չի կարող բարելավել, եթե տարվա կեսը պարապում է, մյուսը՝ ոչ: Ֆինանսավորում չունենալու պատճառով հնարավոր չէ գոնե տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ թիմերի միջեւ մրցումներ կազմակերպել: Այդ բացը փորձում ենք մի կերպ լրացնել մեր անձնական կապերի միջոցով: Բայց միշտ չէ, որ ստացվում է: Առավել եւս՝ կազմակերպական մեր ուզած մակարդակով: Իսկ միայն մարզվել եւ չխաղալ, չմրցել, ինքներդ էլ հասկանում եք՝ ինչ է: Երրորդը մարզիչների եւ մրցավարների խնդիրն է: Սակայն մինչեւ բանը բարձրակարգ մրցավարին հասնելը, մարզաձեւը պետք է ոտքի կանգնի: Ճիշտ է, մի քանի բավականին լավ մասնագետներ կան, բայց նրանք քիչ են ու արդեն «հին սերնդի»: Երիտասարդներ են հարկավոր՝ ակտիվ, եռանդով, երազանքներով ու նպատակներով լի:
– Լուծումների տարբերակներ տեսնո՞ւմ եք:

Ասենք, թեկուզ ձմռան ամիսներին լողավազաններին ջեռուցում կազմակերպելու նպատակով էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման զեղչեր սահմանելով: Որպեսզի ջրային տարածքներից զուրկ Հայաստանում լողավազանները գործեն շուրջտարի: Ի դեպ, դա խիստ անհրաժեշտ է ոչ միայն ջրագնդակին, այլեւ լողին ու ջրային մյուս մարզաձեւերին: Ավելին, սա ռազմավարական նշանակության խնդիր է: Ասում են, թե Հայրենական պատերազմի տարիներին լողալ չիմանալու պատճառով հայերը պակաս կորուստներ չեն տվել գետանցումների ժամանակ, քան պատերազմի դաշտում: Էլ չենք խոսում մեր օրերի մասին:

– Եթե պետական մակարդակով այդպիսի որոշում կայացվի, բոլորս էլ, միանշանակ, ուրախ կլինենք: Բայց դա, կարծում եմ, որոշակիորեն կարող են անել նաեւ ՏԻՄ-երը եւ մասնավոր լողավազանների սեփականատերերը, եթե, իհարկե, ցանկություն ունենան: Մարզպետը, քաղաքապետը, այն գերատեսչության ղեկավարը, որի ենթակայության ներքո լողավազան կա, ինչ-որ լուծում կարող է գտնել՝ ծախսերը իր բյուջեի միջոցներով թեթեւացնելու, ջրային մարզաձեւերի թիմերին ու հավաքականներին շաբաթը մեկ-երկու օր անվճար կամ մասնակի վճարովի ժամ տրամադրելու համար: Մասնավոր լողավազաններն էլ կարող են նույնն անել, ինչպես Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանի տնօրինությունն է վարվում: Մենք ու, վստահ եմ, մյուս ջրային մարզաձեւերի հ/կ-ներն ու հավաքականները ի վիճակի չեն պահանջվող գումարները վճարել, եթե լավ հովանավորներ չունենան: Հիմա անհամբեր սպասում ենք եկող տարվա գարնանը «Օլիմպավանի» լողավազանի շահագործմանը եւ հույս ունենք, որ մեր հավաքականներն այնտեղ մարզվելու հնարավորություն կունենան:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

30.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031