Նոյեմբերի 3-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Օրենքի մշակման նպատակն է ամրագրել այնպիսի նորմեր ու դրույթներ, որոնք հիմնված են մարդու սահմանադրական իրավունքի վրա»,- նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը:
Նրա խոսքով՝ մինչ օրս բոլոր նորմերը հիմնականում սոցիալական պաշտպանության ուղղվածություն ունեն: Նոր նախագծով ամրագրվում է սոցիալական ներառումն ապահովող այնպիսի պայմաններ ու միջավայր, ինչը թույլ կտա հաշմանդամություն ունեցող անձին անարգել մասնակցել հասարակական կյանքին՝ միաժամանակ ստեղծելով հավասար հնարավորություններ:
«Նախագծի անվանումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին է: Նախագծում մի ամբողջ գլխում բերված են այն թիրախային ուղղությունները, որոնցով պետք է ապահովվեն հավասար եւ մատչելի պայմաններ: Ընդ որում՝ յուրաքանչյուր ուղղության համար սահմանված են եւ իրավական դաշտում փոփոխություններ, եւ գործնական բնույթի միջոցառումներ: Իրավական դաշտի այդ փոփոխությունը ենթադրում է, որ բոլոր ոլորտներում՝ տրանսպորտի, քաղաքաշինության, տեղեկատվության, սոցիալական պաշտպանության եւ առողջապահության, մեկ անգամ եւս պետք է վերանայվի ողջ իրավական դաշտը եւ եթե այնտեղ կան դրույթներ, որոնք հակասում են Սահմանադրությանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթներին, դրանք պետք է ամրագրվեն սոցիալական ներառման տեսանկյունից»,- ասել է տիկին Հակոբյանը, հավելելով, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն համակարգված, փոխհամաձայնեցված բոլոր գերատեսչությունների հետ, հակառակ դեպքում դրանք նորից կմնան մեկուսացված ու կղզիացած:
Կարդացեք նաև
Ըստ բաժնի պետի՝ ինչպիսի ծրագրեր էլ իրականացվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար, եթե միջավայրը մատչելի չէ, տեղեկատվությունը մատչելի չէ, ապա այդ ծրագրերը կկորցնեն իրենց իմաստը:
«Իհարկե, ծրագրերն այսօր էլ իրականացվում են՝ հաշմանդամներին տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ եւ վերկանգնողական պարագաներ, իրականացվում են առողջապահական ծրագրեր, բայց դրանք մեկուսացված են: Որքան էլ որ որակյալ լինի տրամադրվող պարագան, եթե քաղաքաշինական նորմերը պահպանված չեն, ապա ծրագիրը ամբողջովին կորցնում է իր իմաստն ու հասցեականությունը»,- ընդգծել է Աննա Հակոբյանը:
Օրենքի նախագծով ամրագրված են միջավայրային մատչելիությունն ապահովող դրույթներ, որի մեջ մտնում են քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության եւ այլ ոլորտները:
«Միայն մեկ օրենքով չենք կարող ամբողջը ամրագրել եւ լուծել, բացի այդ, մեկ օրենքը չի կարող լուծել բոլոր հարցերը: Ընթացքի մեջ են որոշումների նախագծեր, այս պահին կոնկրետ մշակվում է հաշմանդամություն ունեցող անձանց 2017-2021թթ. համալիր ծրագիրը, որտեղ բոլոր միջոցառումները համակարգված ներկայացված են ըստ ոլորտների: Այսինքն, ոչ թե միայն օրենքը, այլ օրենքից բխող ենթաօրենսդրական դաշտը պիտի ապահովի այս ամենը»,- հավելում է տիկին Հակոբյանը:
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի թիրախային ուղղություններից մեկը մատչելիությունն է: Ինչպես նշում է տիկին Հակոբյանը, այս գլխում սահմանվել են իրավական դաշտն ապահովող նորմեր եւ գործնական միջոցառումներ. «Եթե անդրադառնանք քաղաքաշինական նորմերին, բոլոր շենքերն ու շինությունները պիտի կառուցված լինեն համընդհանուր դիզայնի սկզբունքով: Պետք է հաշվի առնվեն լսողական, տեսողական խնդիրներ ունեցողների կարիքները եւ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները պետք է վերանայվեն եւ մշակվեն համընդհանուր դիզայնի սկզբունքով»:
Ըստ օրենքի նախագծի՝ տրանսպորտի ոլորտում պետք է ներկրվեն մատչելի տրանսպորտային միջոցներ, մատչելի՝ ոչ միայն մուտքի առումով, այլեւ՝ ունենան համապատասխան ցուցանակներ, մատչելի հայտարարություններ: Տեղեկատվության ոլորտում՝ կայքերում եւ տպագրվող նյութերի տեղեկատվությունը պետք է մատչելի լինի:
Նշենք, որ օրենքի նախագիծն այս պահին գտնվում է ՀՀ ազգային ժողովում եւ օրենքի ընդունումից հետո կսկսվեն ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքները:
«Առավոտ»
30.11.2016