Բուժական նպատակով հիմնականում օգտագործվում է բույսի արմատը եւ կոճղարմատը, որը հանվում է ուշ աշնանը, լվացվում, մանրացվում եւ չորացվում ստվերում։ Պահվում է թղթե պարկերի մեջ։
Քիմիական կազմը։ Պարունակում է եթերայուղ, ցնդող նյութեր, ինուլին, վիտամին E, սապոնիններ, խեժ, պիգմենտներ։
Բուժական ազդեցությունը։ Ունի հակաբորբոքային, խորխաբեր, լեղամուղ, միզամուղ հատկություններ։ Բարերար է ազդում ստամոքսի հյութազատության եւ աղիների շարժողունակության վրա։ Բարձրացնում է լեղարտադրությունը եւ լավացնում լեղու հոսքը դեպի 12-մատնյա աղի։
Կիրառվում է սուր եւ քրոնիկական բրոնխիտների, տրախեիտների, գրիպի, բարձր հյութազատությամբ ուղեկցվող գաստրիտների, ստամոքսի եւ 12-մատնյա աղու խոցային հիվանդությունների, լուծի, ախորժակի բացակայության, ցավոտ եւ ոչ կանոնավոր դաշտանի, թութքի, մաշկի ուշ սպիացող վերքերի եւ քորով ընթացող մաշկային հիվանդությունների ժամանակ։ Օգտակար է ճիճվակրության եւ լնդերի բորբոքումների դեպքում։
Կիրառման եղանակները։ Ջրաթուրմ։ 1 թեյի գդալ մանրացված արմատը թրմել 10 ժամ 1 բաժակ ջրում եւ խմել օրվա ընթացքում, մաս-մաս։
Եփուկ։ 16 գ (1 ճաշի գդալ) հումքին ավելացնել 200 միլիգրամ եռման ջուր եւ տաքացնել ջրային բաղնիքում, եռացած ջրի մեջ։ Եփուկի ծավալը հասցնել 200 միլիգրամի, քամելուց հետո ավելացնել համապատասխան քանակի եռման ջուր: Խմել տաք վիճակում 1/2 -ական բաժակ, օրական 2-3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ:
Քսուք: 50 գրամ մանրացրած արմատը եփել 20 րոպե 100 գրամ ջրի մեջ: Քամած եփուկը խառնել 50 գրամ խոզի մաքուր, հալած ճարպի հետ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
30.11.2016