Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կրքեր Գյումրու թիվ 38 դպրոցում․բողոքավոր ուսուցիչներին սպառնում են ոստիկանությամբ ու դատախազությամբ

Նոյեմբեր 30,2016 22:20

Գյումրու թիվ 38 դպրոցի կոլեկտիվը միահամուռ շարունակում է իր բողոքը Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի դեմ, որը դպրոցի տնօրեն Գոհար Շահբազյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել թիվ 42 դպրոցի փոխտնօրեն Արփինե Նիկողոսյանին։

Կոլեկտիվը, սակայն, դեմ է նորանշանակ տիկնոջը, վերջիններս պահանջում են տնօրենի ժ/պ նշանակել իրենց դպրոցից որևէ մեկին կամ հենց դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանին։ Երեկ ուսուցիչները չէին ընդունել դաշնակցական մարզպետի ուղարկած ժ/պ-ին, այսօր ևս ներսից փակել էին դպրոցի դուռը, որպեսզի նորանշանակ տիկինը ներս չմտնի։

Ուսուցիչներն Aravot.am-ին տեղեկացրեցին, որ առավոտյան իրենց այցելել են Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պաշտոնյաները` ստուգելու արդյոք դասապրոցեսը խաթարվա՞ծ չէ, համոզվելով, որ ամեն ինչ նորմալ է, հեռացել են։ Այնուհետ մարզպետարանից դպրոց են ուղարկել Սամվել Մարտիրոսյանին՝ պահանջելու դպրոցի տնօրենի դռան բանալին, ու երբ կոլեկտիվը մերժել է, մարզպետարանից նրանց սպառնացել են ոստիկանությամբ ու դատախազությամբ։

«Տնօրենի պաշտոնակատարին ուզում են տեղավորել այդ կաբինետում՝ առանց ընդունում-հանձնում անելու։ Անգամ սպառնում են դուռը կոտրել, եթե բանալին չգտնենք ու չհանձնենք իրենց, ասում են կխուզարկենք ձեզ, մեկիդ գրպանից կհանենք բանալին։ Զարմանալի է, որ նման ռիսկի են դիմում, փաստաթղթերի ընդունում-հանձնումը կարող է կատարել միայն Գոհար Շահբազյանը, եթե նա հանձնում չի կատարել, ո՞ր մի ռիսկով է Հովսեփ Սիմոնյանի նշանակած անձը ուզում բացել տնօրենի կաբինետի դուռը, դիցուք այնտեղից մի փաստաթուղթ կկորի, ի՞նչ պատասխան պիտի տա։ Տիկին Շահբազյանը գնում է մարզպետի մոտ ընդունման-հանձնման հարցով, Հովսեփ Սիմոնյանը նրան չի ընդունում։

Հիմա էլ մեզ սպառնում են, թե աշխատավարձ չեք ստանա, մինչև որ չընդունենք Հովսեփ Սիմոնյանի նշանակած անձին։ Մեզ ամեն ձևով փորձում են կոտրել, բայց իզուր, մենք կոտրվող չենք։ Փոխտնօրեններին են կանչում մարզպետարան, փորձում ահաբեկել, բայց մենք ձայնազուրկ չենք ու պիտի ասենք, որ իզուր են մեզ վախեցնելու ջանքերը։ Ինչքան էլ ուզում է պաշտոնակատար նշանակված Արփինե Նիկողոսյանը հայտարարի, որ ինքը դաշնակցական չէ, միևնույնն է՝ նա դաշնակցականների ուղարկած անձն է, որը գալիս է հեռահար նպատակներով»,- ասաց ուսուցիչներից մեկը։

Մյուսն էլ իր զարմանքը հայտնեց Հովսեփ Սիմոնյանի՝ լրատվամիջոցներին ներկայացրած պարզաբանմամբ․ «Անկեղծ ասած ապշած եմ այդ մարդու պարզունակ պատասխանից, ի՞նչ է նշանակում ես հաշվետու չեմ դպրոցի կոլեկտիվին իմ կայացրած որոշման համար, մենք՝ ուսուցիչներս ենք հաշվետու մեր աշակերտների առաջ, նրանց ծնողների առջև, ո՞ւր մնաց ընկեր Հովսեփ դուք, որ մարզպետ եք նշանակված, մի պաշտոն, որի սուրբ պարտականությունների մեջ մտնում է մարզի բնակիչների, ուսուցիչների ու մյուսների խնդիրները լսելն ու լուծում փնտրելը, ոչ թե արհեստական խնդիրներ ստեղծելն ու կյանքն ավելի բարդացնելը։ Մենք հայտարարում ենք, որ դպրոցի տնօրենի կաբինետի բանալին չենք հանձնի, մինչև վարչապետից պատասխան չստանանք»։

Հիշեցնենք, որ ողջ կոլեկտիվը՝ իրենց անուն-ազգանուններով ու ստորագրություններով բաց նամակ են հղել վարչապետին։ Ի դեպ, այսօր, մեր տեղեկություններով, Շիրակի մարզպետը կանչված էր վարչապետի մոտ, նա հաշվետվություն էր ներկայացնելու։

Հավելենք նաև, որ այսօր կայացել է դպրոցի կառավարման խորհրդի նիստը, որոշվել է տնօրենի թափուր տեղի համար մրցույթը նշանակել հունվարի 24-ին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930