Միխայիլ Պապիյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2016թ. մայիսի 25-ին, ժամը 10.30-ի սահմաններում իրեն ծխախոտ չտրամադրելու պատճառով, զորամասի շարահրապարակում, վաշտի անձնակազմի ներկայությամբ սեռական հայհոյանքներ է հնչեցրել նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Բ.-ի հասցեին՝ անպարկեշտ ձեւով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը:
Բացի այդ, նույն օրը, ժամը 11.50-ի սահմաններում Միխայիլ Պապիյանցը ինքնակամ թողել է զորամասը եւ միայն մայիսի 30-ին,ժամը 08.55-ին ինքնակամ ներկայացել ՀՀ ՊՆ Արմավիրի ռազմական ոստիկանության բաժին: Մ. Պապիյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (« Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից») եւ 361 հոդվածի 1-ին մասով (« Երեք օրից ավելի, բայց մեկ ամսից ոչ ավելի տեւողությամբ, ինչպես նաեւ երեք ամսվա ընթացքում երեք եւ ավելի անգամ մեկ ժամից մինչեւ երեք օր տեւողությամբ զինծառայողի կողմից զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ առանց հարգելի պատճառների ժամանակին ծառայության չներկայանալը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատավական համակարգի՝ սույն քրեական գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը: Նշված քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ