ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Պետր Յագերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես՝ Վիգեն Քոչարյանն անդրադարձել է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումներին՝ ընդգծելով այդ ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցության ներուժը:
Այնուհետև, Պետր Յագերի առաջարկով, նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ դատական համակարգի կառուցվածքը և կառավարման սկզբունքները, ինչպես նաև նշել դատական համակարգի ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ հաշտարարների ինստիտուտի, արբիտրաժի ինստիտուտի ներդրում և այլն:
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ՀՀ արդարադատության նախարարության կողմից իրականացվող լայնամասշտաբ ծրագրերը՝ պատրաստակամություն հայտնելով այդ ոլորտում ուսումնասիրել նաև Չեխիայի Հանրապետության կուտակած դրական փորձը:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին Վիգեն Քոչարյանը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև ջերմ գործընկերային հարաբերությունների պահպանումը և քննարկել հետագայում երկկողմ իրավական փաստաթղթեր ստորագրելու հնարավորությունը:
Պետր Յագերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հույս հայտնել 2017 թվականին փոխադարձ այցով հյուրընկալել ՀՀ արդարադատության նախարարին Չեխիայի Հանրապետությունում՝ պատրաստակամություն հայտնելով ներդնել պահանջվող բոլոր ջանքերը համագործակցության խորացման ուղղությամբ:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն