Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեղադրանքով կալանավորված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպանի բողոքը:
Եղնուկյանի պաշտպան` փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարան էր դիմել` Կարո Եղնուկյանի նկատմամբ կիրառվող տեսակցության և հեռախոսազանգերի վերաբերյալ քննիչի որոշմամբ սահմանված արգելքը վերացնելու պահանջով։
Տիգրան Հայրապետյանը դատարանում մեղադրող դատախազին խնդրեց ցույց տալ որեւէ նյութ կամ որոշման մեջ ինչ-որ նախադասություն, որը կհիմնավորեր իր պաշտպանյալի նկատմամբ կիրառվող տեսակցությունների ու հեռախոսազանգերի վերաբերյալ արգելք սահմանելու քննիչի որոշումը.«Եթե չկա, ուրեմն անհիմն է, պետք է վերացնեք, հարգելի’ դատարան»:
Դատախազն էլ նկատեց, որ փաստաբան Հայրապետյանը քննիչի որոշման բողոքարկման ընթացակարգն է խախտել: Պարոն Հայրապետյանը բացատրեց. «Այո’, միջնորդել էի թե դատախազին, թե քննիչի վերացնել որոշումը, երկուսն էլ մերժել էին: Եւ դատախազի, եւ’ քննիչի մերժումն ունեի, անիմաստ համարեցի մի քանի ամիս եւս սպասել ու դիմել դատախազին, դիմեցի միանգամից դատարան»:
Կարդացեք նաև
Կարո Եղնուկյանն էլ դատարանի մերժման մասին որոշումը լսելուց հետո դատարանում հայտարարություն արեց` ասելով, որ հասկանում է` դատարաններն անկախ չեն, իրեն էլ որակեց քաղբանտարկյալ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ