Նոյեմբերի 30-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և այլ բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գունդ:
Անձնակազմին շարահրապարակում ողջունելուց հետո Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակ և ծաղիկներ դրեց ծառայողական պարտականությունները կատարելիս և հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների հուշապատին:
Այնուհետև զինծառայողները ձեռնամարտի և հատուկ պատրաստության հնարքների ցուցադրական վարժանք ներկայացրին, ինչից հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շրջայց կատարեցին զորամասում:
Կարդացեք նաև
Ոստիկանության պետը ծանոթացավ նորաբաց օպերատիվ լսարանի հնարավորություններին, որտեղ նրան վարժական մակետի վրա ցուցադրվեցին ստորաբաժանման տակտիկական գործողությունները ու դրանց կառավարման ընթացքը:
Վլադիմիր Գասպարյանը ծանոթացավ նաև զինծառայողների ստեղծած համակարգչային ծրագրին, որը բաղկացած է թեստային ու խաղարկային բաժիններից:
Ծրագրի միջոցով ստուգվում են անձնակազմի գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, գնահատվում է յուրաքանչյուր զինծառայողի պատրաստականության աստիճանը:
Հետաքրքիր էր նաև զինծառայողների պատրաստած սարքը, որի շնորհիվ էապես բարձրանում է զինատեսակների սպասարկման և կիրարկման արդյունավետությունը:
Ոստիկանության պետը ստուգեց նաև անձնակազմի պարապմունքների, մարզումների ու հանգստի պայմանները, ծանոթացավ հանդերձանքի ու մթերային ապահովման վիճակին, զորամասի տեխնիկական հնարավորություններին:
Շրջայցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց կատարված աշխատանքն ու զորամասի պատրաստականությունը և արդյունավետ ծառայություն մաղթեց ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարությանն ու անձնակազմին:
ՀՀ Ոստիկանություն